– Բարև Ձեզ, եկել եմ Ուսխորհուրդ՝ գործ անելու:
– Բայց Սուրենը չի զգուշացրել, որ քեզ բանալի տամ:
Սուրենը Բրյուսովի անվան համալսարանի ուսանողական խորհրդի երկրորդ նախագահն է, մարդ, ում, ի թիվս մի շարք բրյուսովականների, պարտական եմ ինձ մեծ կյանքի այցեքարտ տալու համար:
Մուտքս ՈՒԽ պատահական է ստացվել: Ի տարբերության ոմանց՝ առաջին իսկ Սեպտեմբերի 1-իս ՈՒԽ-ի դուռը չեմ «կոտրել»: Մարտ թե ապրիլ ամիսն էր, երբ ֆակուլտետային ուսխորհուրդներից մեկն ինտելեկտուալ խաղ էր կազմակերպել, ես էլ, դահլիճում նստած, զուգահեռ պատասխանում էի հարցերին և շարժում համակուրսեցիներիս զարմանքը: Հաճույքով ինձ համար բացահայտեցի, որ դպրոցական տարիներից ինձ ուղեկցող հոբբին բուհում վերագտնելու հնարավորություն եմ ստացել:
Ու սկսվեց ամենահետաքրքիրը՝ վառ և բազմաբովանդակ ուսանողական կյանքը:
Հոբբին վերածվեց աշխատանքի, ՈւԽ-ը՝ երկրորդ, իսկ իրականում՝ առաջին տան, լրագրողական ձիրքը՝ ուսանողական թերթի, լեզվական գիտելիքների փոխանցումը՝ «Հայկյան» մրցանակի, անսպառ հումորը՝ Ուրախների և Հնարամիտների ակումբում գրանցած հաղթանակների, երիտասարդական պարզ և միամիտ խանդավառությունը՝ «լավագույն ճակատ» կազմած բրյուսովականների գլխավերևում թևածող Բազեի, դպրոցական տարերային ասմունքը՝ Պարույր Սևակի ծննդյան 80-ամյակին նվիրված բարձրաճաշակ միջոցառման, միմյանց սատար կանգնելու պատրաստակամությունը՝ սահմանամերձ շրջաններում իրականացված ինքնատիպ ու հուզիչ բարեգործական նախագծերի, ծնողների և բարեկամների երեխաների անպատեհ ուղեկցությամբ էքսկուրսիան՝ արտերկրում և հայրենիքում ունեցած քանի-քանի ճանաչողական այցերի, ավագ ուսխորհրդականների սևեռուն հայացքի ներքո կազմակերպված փոքրիկ կլոր սեղանը՝ միջազգային ներկայացուցչական գիտաժողովների:
20 տարվա վերելքներ և վայրէջքներ, 20 տարվա բերկրանք և հիասթափություն, 20 տարվա անդուլ և նվիրված աշխատանք:
20 տարվա ԿՅԱՆՔ: 20 տարվա ամուր ընտանիք, սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ և անսասան սկզբունքներ:
- Ֆսյո՞: Փակե՞մ ինստիտուտի դուռը:
- Չէ, հլը ուր ես, երեխեքը վերևն են՝ Հասմիկի մոտ, վաղվան են պատրաստվում:
Վահան Զաքարյան
Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ ՈՒԽ վետերան,
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ինչ, Որտեղ, Երբ հեռուստախաղի գլխավոր խմբագիր