Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե նրանք «չարաճճի՞» են եղել». միջազգային կառույցը քննադատում է «ծռերի» փաստաբանների հանդեպ սանկցիաների կիրառումը

Մարտ 19,2018 21:50

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր հրապարակվեց «Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» խորագրով զեկույցը:

Դրանում անդրադարձ կա նաեւ «Սասնա ծռերի» փաստաբանների հանդեպ ՀՀ փաստաբանների պալատի կողմից կիրառված կարգապահական վարույթներին: «Նախորդ տարի նրանց հանդեպ աննախադեպ քանակի պատժամիջոցներ են կիրառվել: Հասկանում ենք, որ խնդիրն ամբողջությամբ ՓՊ-ին չի վերաբերում, բայց հարց է առաջանում՝ այդ սանկցիաների կարիքն իսկապե՞ս կա: ՓՊ վիճակագրության համաձայն՝ 2016թ.-ին փաստաբանների հանդեպ կայացվել է 56, իսկ 2017թ.-ին՝ 91 կարգապահական վարույթ: Ուրեմն, ի՞նչն է պատճառը, գուցե փաստաբանները «չարաճճի՞» են եղել: Սա մեծ խնդիր է»,-ներկայացնելով զեկույցը՝ հարցադրում արեց «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետազոտությունների բաժնի պատասխանատու, լեհ փաստաբան Ջոանա Սմետեկը:

Նա նշեց. «Մենք տեղեկացանք, որ ՓՊ-ն կարգապահական վարույթ է կիրառում, որովհետեւ դատավորը սանկցիա է կիրառած լինում փաստաբանի հանդեպ: Երբ փաստաբանը լքում է նիստերի դահլիճը, վստահ չեմ՝ արդյո՞ք դա ճիշտ հիմք է՝ նրա հանդեպ սանկցիա կիրառելու համար: Բայց դա զանգվածաբար էր կատարվում: Դա թողնում էր հատուկ «ռազմավարության» տպավորություն, որը միտված էր փաստաբանների պարտականություններին խոչընդոտելուն: Սա եւս մեծ խնդիր ենք համարում»:

Լեհ փաստաբանը նաեւ մատնանշեց, որ ՓՊ-ի անկախության վերաբերյալ մտահոգություններ են հնչել փաստաբանների շրջանում. «Կարեւոր է, որ մասնագիտական կառույցը լինի անկախ եւ անգամ դատավորների ազդեցությունից զերծ մնա»: ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանն անդրադառնալով փաստաբանների հանդեպ կարգապահական  վարույթներին՝ հիշեցրեց, որ դա ՓՊ-ի օրենսդրական պարտականությունն է, բայց 50 վարույթից 26-ը կարճվել է: «Հաճախ մենք էլ ենք տեսնում, որ դատավորները կամայականություն են արել»,-կարծիք հայտնեց նա: Խալաթյանն ավելի վաղ մեկնաբանել էր նաեւ ՓՊ-ի անկախության մասին մտահոգությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ «Սասնա ծռերի» գործով փաստաբանները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Avag says:

    մահ տեռորիստներին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031