ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը համատեղ կարծիք են հրապարակել, որում դրական են գնահատում Հայաստանում «Խղճի և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն նշվում է, որ դրանում անհրաժեշտ են որոշ հստակեցումներ:
Այս մասին ասվում է Եվրախորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
Զեկույցն ընդունվել է մարտի 17-ին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում:
Համատեղ կարծիքում ողջունվում են գործող օրենքի համեմատությամբ օրենքի նախագծում առկա բարեփոխումները, մասնավորապես, այն դրույթի ներառումը, որով երաշխավորվում է խղճի և կրոնի իրավունքը ցանկացած անձի, և ոչ միայն Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, և այն դրույթը, որով կրոնական համայնքները կարող են իրենց իրավունքներն ունենալ առանց պետական գրանցման:
Այնուամենայնիվ, հայտարարության մեջ նշվում է, որ պետական գրանցման ոչ պարտադիր բնույթը հստակ ձևակերպված չէ, և փորձագետները Հայաստանին խորհուրդ են տալիս ներկայացնել այն իրավունքների ցանկը, որ կարող են ունենալ կազմակերպությունները: Օրենքի նախագիծը նաև պետք է թույլատրի կրոնական խմբերին ունենալ իրավական կարգավիճակ, օրինակ, գրանցվել որպես ընկերակցություն կամ հիմնադրամ:
Հայտարարության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է օրենքի նախագծում առանձնացնել կրոնը և կրոնական կազմակերպությունները, որպեսզի վերջիններս էլ կարողանան օգտվել նույն իրավունքներից, ինչ տարբեր կրոնի ներկայացուցիչները:
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի սուրբ առաքելական եկեղեցուն սահմանադրությամբ տրվում է «բացառիկ» առաքելություն, հետևաբար Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ փորձագետները խորհուրդ են տալիս ապահովել, որ հայկական եկեղեցու օգտին տրված արտոնությունները օբյեկտիվորեն հիմնավորված են եւ այդպիսով խտրական չեն:
Կրոնի կամ հավատի ազատության դրսեւորման սահմանափակումները պետք է նեղացվեն եւ ավելի կոշտ լինեն: Ընդ որում, «պետական անվտանգության» հղումը պետք է փոխարինվի «հասարակական անվտանգություն» եզրով կամ առնվազն դրան պետք է տրվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նեղ մեկնաբանություն:
Խորհուրդ է տրվում հեռացնել այն դրույթները, որոնք մերժում են գրանցել այն կրոնական խմբերին, որոնք հիմնված չեն «պատմականորեն կանոնիզացված սուրբ գրքի» վրա կամ «համաշխարհային ժամանակակից կրոնական համայնքների համակարգի» մասը չեն:
Համատեղ կարծիքը նաեւ կոչ է անում Հայաստանին վերանայել կրոնական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորման արգելքներին վերաբերող դրույթը:
Հատկապես խորհուրդ է տրվում ավելի մանրամասնորեն սահմանել «օրենքի կոպիտ խախտում» հասկացությունը եւ նախազգուշական համակարգի ներդրումը: Բացի այդ, պատժամիջոցները պետք է կիրառվեն աստիճանական՝ նախքան կասեցումը կամ լուծարումը, որոնք պետք է լինեն ամենածայրահեղ միջոցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ