«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը պարզաբանում է՝ ինչի հետ էին կապված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ճակատն իր երկրորդ հանրահավաքն անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հայտարարվեց, որ գլխավոր նպատակն է՝ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, և պատրաստ են միավորվել ու համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն նույն նպատակը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր անընդունելի համարել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը:
Իսկ արդյոք ճակատն այն հարթակն է, որը կարող է միավորել ընդդիմադիր ուժերին, Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Համենայն դեպս, մենք պաշտոնական քննարկումներ չենք ունեցել, ես չեմ կարող ասել՝ կիսում են կամ չեն կիսում, բայց կարող եմ ասել, որ նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ մենք մտահոգություն ունենք և այդ մտահոգությունն էլի ոչ-պաշտոնապես՝ անձնական զրույցների ֆորմատով մեր գործընկերներին փոխանցել ենք»։
«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները կապված չեն եղել ճակատի անդամների ելույթների հետ, այլ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանի ելույթի հետ է կապված, որը ճակատի անդամ չէ, նրա ելույթը, հիմնականում կոնտեքստից կտրված էր: Ճակատը հստակ հայտարարել է, որ պայքարի կողմնակից է: Երբ հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, այս հարցին հստակ պատասխան կտրվի, այլեւս թյուր ըմբռնումներ չեն լինի»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Մեր հարցին՝ հնարավոր է համարում է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ այլընտրանք չկա. «Իմ պատկերացմամբ՝ այլընտրանք չկա, քան միասնական ճակատ ստեղծելը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ