Լոռու մարզի ստոմատոլոգները նույնպես դեմ են կառավարության այն որոշմանը, ըստ որի ստոմատոլոգիական ծառայություն մատուցողները պետք է պարտադիր գրանցվեն էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգում (armed.am կայքում) եւ այնտեղ գրանցեն բոլոր այցելուների հիվանդության պատմությունը, հակառակ դեպքում ծառայություն մատուցել չեն կարողանա:
Ստոմատոլոգների կարծիքով՝ համակարգի ներդրումն իր հետ բերում է հավելյալ ծախսեր, ինչի արդյունքում կբարձրանա իրենց կողմից մատուցվող ծառայության գինը. «Այդ ֆինանսական բեռը յուրաքանչյուր կլինիկայի համար տարեկան կազմելու է մոտ 2 միլիոն դրամ: Դա էլ իր հերթին բերելու է ամենաքիչը 20 տոկոս գնաճի: Առանց այդ էլ մեր ազգաբնակչության շատերի համար ծառայությունն անհասանելի է, հիմա դառնալու է ավելի վատ»,- ասում է ստոմատոլոգ Անդրեյ Ղուկասյանը:
Այսօր ստոմատոլոգների հետ հանդիպման էր եկել առողջապահության նախարարության ծրագրերի համակարգող խմբի համակարգող Արթուր Թադեւոսյանը: Նրան եւս բժիշկները ներկայացրեցին համակարգի ներդրման հետ կապված իրենց դժգոհությունները: Բժիշկներն ասում են, որ իրենց հետ այս մասին երբեւէ ոչ ոք ոչինչ չի քննարկել: Որոշումը կայացվել է առանց իրենց գիտության ու համաձայնության: Նրանք նշում են, որ որոշումը կայացնելուց հետո նոր միայն «Արմեդ» ընկերությունն է իրենց զանգահարել եւ պահանջել բիզնես ռեգիստրում տվյալներ տրամադրել աշխատակազմի մասին։
«Ինչու՞ դուք էդ ծրագիրը մտցնելիս որեւէ մեկի հետ չեք քննարկել»,- հետաքրքրվեցին նրանք: Իսկ պատասխան այդպես էլ չստացան:
Ալավերդի քաղաքում գործունեություն ծավալող ստոմատոլոգ Լյուբով Պետրոսյանն ասում է, որ իրենք պարտաճանաչ վճարում են բոլոր հարկեր, իսկ այս ծառայության դիմաց չեն պատրաստվում վճարել. «Ինչքան մենք նալոգները վճարում ենք, պետությունն ուզում է մեզանից մի ավել բան պոկի: Ստվերում չենք աշխատում, օրինական դաշտում ենք, բայց այսօրվա դրությամբ ես ինքս կուզեմ աշխատեմ ստվերում, որովհետեւ չի կարելի էս աստիճանի մարդկանց ճնշել»:
Տարոն Պապյանն էլ նախարարության աշխատակցին ներկայացրեց իրենց կողմից կատարված հաշվարկները: Ըստ որի՝ յուրաքանչյուր ամիս իրենք պետք է հավելյալ վճարեն ավելի քան 150 հազար դրամ. «Եթե ես բժիշկ եմ, պետք է դառնամ կոմպյուտերշիկ, քույրս պետք է դառնա կոմպյուտերշիկ, եւ դուք դա չեք ընդունում, որ այդ համակարգով աշխատելիս մենք ամսական ամենաքիչը 100-150 հազար դրամ փող ենք դուրս տալու: Եւ դուք դրա պատասխանը մեզ չեք տալիս»:
– Այդպիսի հաշվարկը սխալ է, ես համաձայն չեմ ձեր հաշվարկի հետ: Որովհետեւ, դուք որպես բժիշկ այն գործողությունները, որ անում եք նույն հիվանդի հաշվարկման, ձեր բուժման ծառայությունների գրանցման առումով, դուք ձեր նշած օպերատորի գործը կարող եք անել,- բժշկին հակադարձեց Արթուր Թադեւոսյանը, նշելով, որ նման ծախսեր չեն գոյանալու:
Թադեւոսյանը հավաքված ստոմատոլոգներին առաջարկեց որոշման հետ համաձայնել, եւ այն իրականացնել անվճար հիմունքներով: Սակայն բժիշկներին այս տարբերակը նույնպես դուր չեկավ: Նրանք նշում են, որ թեեւ սկզբնական շրջանում ծառայությունը կլինի անվճար, այնուհետեւ այն կդարձնեն վճարովի:
Ստոմատոլոգները նաեւ դժգոհեցին, որ մոտ 2 ժամ տեւած հանդիպմանն այդպես էլ իրենց հարցերի պատասխանները չստացան: Վերջիններս նախարարության ներկայացուցչին ներկայացրին իրենց պահանջները, որն արդեն իսկ գրված ու ստորագրված էր հանդիպմանը ներկա բժիշկների կողմից: Վարչապետին եւ առողջապահության նախարարին ուղղված 2 էջից բաղկացած այդ դիմում-նամակում բժիշկները գրել են, որ պահանջում են չեղարկել որոշումը, այլապես չեն բացառում, որ կսկսեն համահայկական գործադուլ:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ