Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մարտ 19,2018 20:21

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Կինին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպան Կինին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կարևոր ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և ամրապնդման գործում։ Էդվարդ Նալբադնյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր ուժի մեջ է մտել Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին որոշումը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասաց, որ իր համար պատիվ է Կորեան ներկայացնել Հայաստանի պես հարուստ պատմություն ունեցող երկրում։ Ու Յուն Կինը վստահեցրեց, որ Կորեայի նախագահի հանձնարարությամբ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր ոլորտներում հայ-կորեական համագործակցության խորացման համար։

Նախարար Նալբանդյանը և դեսպանը Ու Յուն Կինը մտքեր փոխանակեցին քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ոլորտում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը, որոնք իրենց նպաստն են բերում երկկողմ հարաբերությունների զարգացման գործին։

Նախարար Նալբանդյանը դեսպան Ու Յուն Կինին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Կորեայի Հանրապետության դեսպանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Դեսպան Ու Յուն Կինը ներկայացրեց կորեական թերակղզում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը և վերջին զարգացումները։

Էդվարդ Նալբանդյանը դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031