«Հայաստանի մեղրի որակն անհամեմատ բարձր է տարածաշրջանում, եթե չօգտագործեն քիմիական հավելումներ»,- ասաց Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանը մարտի 19-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Մեր մեղվաբույծների մոտ դեռ չի զարգացել մեղուներին գրագետ բուժելու կուլտուրան: Ինչ դեղ գտնում, տալիս են մեղուներին՝ դրանով նաև վնասելով նրանց: Բայց լավ մեղվաբույծի մեղրի որակը շատ բարձր է այն պատճառով, որ Հայաստանում հիմնական ծաղկատեսակները, որոնցից մեղուները նեկտար են վերցնում, բուժիչ են: Մեղվաբուծությունն այստեղ բազմածաղկային է և մեղրի դիաստազային միավորը հասնում է 30-40-ի» (դիաստազը մեղրի որակի չափման միավորն է-խմբ.):
Դերասան, մեղվաբույծ Սերգեյ Դանիելյանը Հայաստանում մեղվաբուծության համար առանձնացրեց և՜ լավ, և՜ վատ կողմեր: Լավ է այն, որ մեղրի համար եկամտահարկ չկա, իսկ վատ է այն, որ չկա սուբսիդավորում պետության կողմից:
«Գոհ ենք, որ պետությունը մեզ չի խանգարում: Ի՞նչ օգնելու մասին է խոսքը: Իսկ մեղուներին ամենաշատը խանգարում են բջջային կայաններն ու ցանցերը. մեղուն կորցնում է ճանապարհն ու չի կարողանում վերադառնալ փեթակ: Կան նաև մեղուներ, որ փախչում են փեթակներից: Նրանց այդ վարքը հաճախ բացատրել չենք կարողանում»,- ասաց նա:
Երկու բանախոսներն էլ հարցի լուծումը տեսնում են կայանների հաճախականության թուլացման մեջ:
«Թող գյուղական տարածքներում հեռախոսով մի քիչ էլ վատ լսեմ խոսակցիս, բայց հաճախականությունը նվազեցնելով մեղվաբույծներին օգնած կլինեն»,- ասաց Արմեն Նազարյանը:
Անդրադառնալով նրան, թե ինչպես սպառողը պետք է կողմնորոշվի մեղրի որակի հարցում, Սերգեյ Դանիելյանն ասաց, որ հիմա մարդիկ հույսները դնում են վաճառողի բարեխղճության վրա, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե արտադրողները լաբորատոր զննման ենթարկեին իրենց մեղրը:
«Ցածր որակի պատճառով հայկական մեղրը չի արտահանվում: Միայն վեց տոննա արտահանվել է Չինաստան, բայց եթե հաշվի առնենք այդ երկրի բնակչության թիվը, վեց տոննան չափազանց քիչ է»,- ասաց Արմեն Նազարյանը:
Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ