Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ մասնակցել է Հայ ավետարանչական ընկերակցության միջոցառմանը

Մարտ 19,2018 19:40

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ, մարտի 18-ին մասնակցել է Սիդնեյի Հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) արարողությանը:

Եկեղեցական միջոցառումից հետո Ա. Հարությունյանը և Գ. Բերեջիկլյանը մտքեր են փոխանակել Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Նոր Հարավային Ուելսի նահանգի հայազգի վարչապետն Արցախի պետնախարարից հետաքրքրվել է նաև նրա այցի ընթացքից: Ա. Հարությունյանը Գ. Բերեջիկլյանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ շնորհիվ ավստրալահայ կառույցների գործադրած ջանքերի՝ բոլոր հանդիպումներն անցկացվում են բարձր մակարդակով:

Պետնախարարը մասնակցել է նաև ՀԱԸ 100-ամյակին նվիրված ճաշկերույթին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Ա. Հարությունյանն այցելել է նաև Սիդնեյի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի, որտեղ նրան ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Հոգևոր առաջնորդը ողջունել է պետական նախարարի այցն Ավստրալիա և նշել, որ Սփյուռքը մշտապես գտնվում է Արցախի կողքին: Իր հերթին Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հայ եկեղեցու կարևոր դերը հայապահպանության, ինչպես նաև հոգևոր ու հայեցի ճիշտ դաստիարակության գործում: Զրուցակիցներն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, ապա պետական նախարարը մասնակցել է սուրբ պատարագին:

Մարտի 19-ին Ա. Հարությունյանն այցելել է Սիդնեյի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ալեքսանդր» ամենօրյա վարժարան և Համազգայինի «Արշակ և Սոֆի Գօլստըն» ճեմարան, որտեղ հանդիպել է ուսուցչական և աշակերտական անձնակազմերի հետ, ծանոթացել կրթօջախների պայմաններին: Նա բարձր է գնահատել հայկական կրթական հաստատությունների դերը Սփյուռքում և ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:
Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031