«Տարիներ շարունակ մեր երկրում իրականացվել է սխալ ագրարային քաղաքականություն: Գյուղերում գյուղացիների համար ապրելու և աշխատելու պայմանների բացակայության պատճառով գյուղացիները թողնում են հողը և գնում արտագնա աշխատանքի: Գյուղերը դատարկվում են»:
Մարտի 19-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը:
Սեդրակյանը պատմեց, որ թվում էր՝ գյուղերի դատարկվելու խնդիրը կշտկի համայնքների խոշորացման ծրագիրը, բայց այն միայն ավելի արագացրեց այդ գործընթացը: Սխալ քաղաքականության պատճառով մեր վարելահողերի կեսից ավելին դեգրադացվել և չեն օգտագործվում:
Ինչ վերաբերում է Գյուղնախարարության՝ ֆինանս չունենալու պատճառաբանություններին, Սեդրակյանը ասաց, որ դա այնքան էլ ճիշտ չէ: «Միայն անցած երեք տարվա ընթացքում 130 միլիոն դոլար վարկ և 60 միլիոն դոլար դրամաշնորհ է մտել Հայաստան: Ու՞մ են հասնում այդ գումարները, եթե դրանք գյուղացուն չեն հասնում»:
«Մենք առաջարկել էինք գյուղնախարարին պետական հովանավորությամբ աղքատ գյուղացիների համար մեքենատրակտորային պարկերի ստեղծման նախագիծ, որը նա շատ հավանել էր: Բայց այն իրագործել չստացվեց, քանի որ գումար չկար: Գյուղացուն հողը մշակելու համար տեխնիկա է հարկավոր: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու համար Կառավարությունը ներկայացրել է «Ագրոլիզինգ» ծրագիրը, որից օգտվելու դեպքում, նա պետք է 20% կանխավճար վճարի: Գյուղացին ցանկանում է ունենալ տեխնիկա, բայց որտեղի՞ց նրան կանխավճարի գումարը»:
Սարգիս Սեդրակյանը ասաց, որ մենք մեր հարևան Վրաստանին բարի նախանձով ենք նայում, քանի որ այնտեղ դաշտերում նոր գյուղտեխնիկա է աշխատում: Իսկ Հայաստանում կա միայն հին գյուղտեխնիկա:
«Գյուղատնտեսության նախարարը լավ, բայց գյուղատնտեսությունից հեռու մարդ է: Պետք է ոլորտից հասկացող մարդ լինի, որ նստենք ու միասին ծրագրեր քննարկենք»:
Մեկ հեկտար հակակարկտային ցանցը արժե 25.000 դոլար. ո՞ր գյուղացին կտա այդքան գումար: Դա այլ երկրներում էլ այդքան մեծ գործածություն չունի: Ամենալավը ԱԻՆ-ի բերած հրանոթներն են, որոնց օգնությամբ կարելի է ցրել ամպերը: «Եթե իրավիճակը չփոխվի, հետևանքները բավականին լուրջ ու վատ են լինելու»:
Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ