Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն մարտ-ապրիլ ամիսներին Հայաստան են այցելում 20.000 իրանցիներ». Տիգրան Դավուդյան

Մարտ 19,2018 17:45

Վաղը՝ մարտի 20-ին, մեկնարկում են Իրանի ամանորյա տոները՝ Նովրուզը:

Իրանագետ, հանրային ռադիոյի իրանական բաժնի ղեկավար Տիգրան Դավուդյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի միայն մարտ-ապրիլ ամիսներին Հայաստան են այցելում 20.000 իրանցիներ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Դավուդյանը տեղեկացրեց. «Նովրուզը պատմականորեն տոնվել է իրանական ժողովուրդների կողմից և հիմա էլ պաշտոնապես տոնվում է Իրանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Ադրբեջանում ու նաև հենց մեր հանրապետության՝քուրդ քաղաքացիների կողմից»:

Այս տարի իրանական տոնացույցով շան տարի է, իսկ մեր ձմեռ պապիկ, ձյունանուշին իրանական մշակույթում փոխարինում է տաղ նվագող, կարմիր շորեր հագած հերոսը:

Ըստ Տիգրան Դավուդյանի՝ Նովրուզի առիթով Իրանում զարգացած է և′ ներքին, և′ արտաքին տուրիզմը. «Իրանցիները Հայաստանն ընտրում են որպես տուրիստական ապահով, վստահելի և մատչելի գներով երկիր, քանի որ Իրանն ու Հայաստանը պայմանագիր ունեն և վիզա չեն պահանջում միմյանց քաղաքացիների համար»:

Իրանցի կին գործարար Հալե Էդեմանդին ՀՀ-ում հաստատվել է շուրջ մեկուկես տարի, նրա երեխաները սովորում են Հայաստանում: Նա շրջակա միջավայրի պահպանության ինժեներ է, շուրջ 20 տարի ապրել է Դուբայում: Այժմ ամուսնու հետ ՀՀ-ում ունեն բիզնես: Նա նշեց, թե հատկապես ինչու են իրանցիները նախընտրում Նովրուզն անցկացնել Հայաստանում. «Հայաստանում ավելի էժան է, քան Ադրբեջանում կամ Թուրքիայում: Հայաստանն ավելի հետաքրքիր է միջին խավի համար, ովքեր ինքնաթիռի գումար չունեն, բայց կարող են սեփական մեքենայով գալ Հայաստան: Մեր երկու երկրների մշակույթները մոտ են իրար: Մենք հոգով ու սրտով մեզ հարազատ ենք զգում Հայաստանի հետ, դրա համար մեր ժողովրդի մի մասը նախընտրում է այցելել Հայաստան: Այստեղ բնությունն էլ է լավը»։

Երկու շաբաթ տևող Նովրուզը պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր եւ համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը:

Ավանդույթի համաձայն՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը: Ամանորյա սեղանը պարսկերեն «խավտ սին» է կոչվում, և սեղանին պետք է անպայման լինի յոթ մթերք, որոնք սկսվում են «Ս» տառով։

Այնուհետև իրանցի կին գործարարը ներկայացրեց, թե ինչպիսին է լինում իրանական ամանորյա սեղանը. «Սեղանին դնում ենք, օրինակ, քացախ, խնձոր, ձու, սխտոր, մետաղադրամ, թխվածք, կրոնական գիրք, մեր հայտնի պոետի գիրքը: Այդ գիրքը կարող են բացել և տեսնել, թե այդ տարում ինչ է սպասվում իրենց՝ արդյոք բախտը կբացվի՞, թե՞ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031