Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Շիրակի համալսարանում․ դասադուլ հայտարարած ուսանողները դիմում են նախագահին (Տեսանյութ)

Մարտ 19,2018 17:44

Այսօր վաղ առավոտից Շիրակի պետական համալսարանի պատմության բաժնի ուսանողները բողոքի ցույց էին անցկացնում Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում՝ պահանջելով չեղյալ համարել իրենց դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին աշխատանքից հեռացնելու ռեկտորի որոշումը։

Դասադուլ հայտարարած ուսանողները նույնիսկ նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով  «Բեկանե՛լ ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին»։ Նրանք նախագահին ուղղված այս խնդրանքը ներկայացնում էին նաև ցուցապաստառներով՝շարժվելով դեպի համալսարան, համալսարանից էլ՝ եկեղեցու բակ։

Պատմության բաժնի 2-րդ կուսի ուսանող Աշոտ Թադևոսյանը Aravot.am-ին ասաց․ «Մենք, իհարկե, դատարան էլ ենք դիմելու, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում բոլոր խնդիրները լուծվում են մի հոգու կողմից, մենք նաև ՀՀ նախագահին՝ Սերժ Սարգսյանին ենք մեր պահանջել ներկայացրել՝ չեղարկել ապօրինի որոշումը։ Ինքնանպատակ չէ այս ամենը, կա հստակ խնդիր, կա հստակ լուծում և էնպես չէ, որ խնդիրն առաջ է եկել երեկ չէ առաջին օրը։ Այդ խնդիրն ամիսներով շարունակվում է, ու հանգուցալուծումը փաստորեն եղավ այն, որ ինստիտուտի ղեկավարությունը չցանկացավ սեփական բացերը լրացնել, ցանկացան այն մարդկանց, որոնք բարձրաձայնում են այդ բացերի մասին, ուղղակի հեռացնել գործից, որպեսզի չխանգարվի իրենց հովվերգությունը։ Հիմա այնպես է ստացվել, որ մենք դիմելու ենք ծայրահեղ միջոցի՝ դասադուլի ու շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև վերադարձնեն մեր լավագույն դասախոսներին»։

Ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ իրենց պահանջը ոչ միայն աշխատանքից հեռացրած դասախոսներին հետ կանչելն է, այլ բուհի բարոյահոգեբանական մթնոլորտի, արդարության վերականգնումն է։ «Սկզբում մեր պահանջը շատ հստակ էր՝ աշխատանքի վերադարձնել ընկեր Խորիկյանին և ընկեր Համբարյանին, մենք ամիսներ շարունակ հետևել ենք տեղի ունեցած գործընթացներին և պարզվեց մի շատ տարօրինակ օրինաչափություն՝ բուհի ռեկտորի պահվածքին ու միջավայրին ոչ հարիր․ այն մարդը, որն ունի նույն մտածելակերպն, արտահայտում էր չեզոք դիրքորոշում, դառնում է ղեկավարության թշնամին, իսկ երբ որ թշնամացած վերաբերմունք են ցույց տալիս քո նկատմամբ, դա բերում է հակընդդեմ ռեակցիայի»։

Նա շեշտեց, որ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի մասնագիտական գիտելիքները շատ բարձր են, և նրանց ազատելով՝ տուժում է բուհը։ «Եթե մենք թույլ տանք, որ բուհից դուրս թողնեն նման մասնագետների, կտուժվի բուհը, բացի դրանից կսկսվի նույն վերաբերմունքը մյուս անձանց նկատմամբ, որոնք առայժմ չեզոք են։ Բուհում չի կարելի նման գործեալոճ որդեգրել, բուհում պետք է լինի տարակարծություն, պետք է լինի քննարկում, բանավեճ»։

Ուսխորհրդի նախագահի ասելով, պատահական չէ, որ իրենց դասախոսներին ազատել են աշխատանքից մինչ կառավարման խորհրդի նիստը։ Ըստ նրա, պատճառն այն է, որ նրանց զրկեն խոսելու հնարավորությունից, նրանց ներկայության դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի։

Պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Վարդանյանն էլ ասաց․«Անարդար ու ապօրինի է ռեկտորի որոշումը, պատմության ամբիոնը կայացած ամբիոն է այս երկու դասախոսների դասավանդման արդյունքում։ Բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը նրանք ոչ թե խախտում են, ինչպես ասվել է ռեկտորի և ոմանց կողմից, լիովին հակառակ պատկերն է՝ նրանք փորձում են բուհը փրկել կործանումից, և մենք նրանց կողքին ենք, կպայքարենք այնքան ժամանակ, մինչև արդարությունը հաստատվի, և նրանք վերադառնան աշխատանքի։ Եվ մի բան, մենք մեր կամքով ենք անում դասադուլ, մեզ ոչ մեկը չի ուղղորդում, ոտքի ենք ելել, որ արդարությունը վերականգնվի»։

Մենք պարզաբանումներ ստացանք նաև բուհի ռեկտոր Սահակ Մինասյանից։ Նա Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին ազատելու որոշման դեմ կարծիք հայտնած մտավորականներին խորհուրդ տվեց բացել համալսարանի կայքը, ծանոթանալ գիտխորհրդի որոշումներին, արձանագրություններին և նոր միայն կոչեր հղել։

«Կոչեր հղելու իրավունքը ոչ մեկը չի կարող սահմանափակել, դա իրենց իրավունքն է, բայց կոչով որոշում փոխելը կամ որոշման վրա ազդելը, մենք, ի վերջո, իրավական երկրում ենք ապրում, անհիմն է։ Իսկ ինչ վերաբերում է ուսանողների դժգոհությանը, ցավով պիտի նշեմ, որ արդեն որերորդ անգամ նեղանձնական շահերի համար սին տեղեկատվությամբ փորձում են ուսանողներին ապակողմնորոշել՝ զրկելով կրթական միջավայրում գտնվելու այդ պարագայի մեջ անհրաժեշտությունից»։

Ռեկտորը նաև ասաց, որ առանձին ընդունել է ուսանողներին, նրանք երկու դասախոսների՝ աշխատանքից հեռացման մասին կայքում տեղադրված որոշումը պահանջել են նաև փաստաթղթային տարբերակով, ծանոթացել են։ «Պարոնայք Խորիկյանը և Համբարյանը վեց ամիս դիմում էին Հայաստանի Հանրապետության տարբեր օղակներին՝ հենց իրենց հուզող հարցերին, այսպես ասած, իրենց թելադրված օրակարգով նամակի հետքերով պատասխանի ակնկալիքով։ Տասնյակից ավելի ստուգումներ են եղել հանրապետությունում, հիմի ինչի՞ չեն դիմում, որ իրենց իրավունքը ոտնահարվել է, ինչո՞ւ են ուսանողներին ներքաշում այս խնդրի մեջ»,- ասաց Սահակ Մինասյանը։

Որոշակի պարզաբանումներ ներկայացրեց նաև բուհի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Բուհի երկու դասախոսներին հեռացրել էին Ազգային ժողովի կրթության, գիտության հանձնաժողովի անդամների այցից հետո։ Հեռացված դասախոսների պարզաբանմամբ, իրենց աշխատանքից ազատելն անմիջականորեն կապ ունի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի՝ տեղի լրատվամիջոցներին տված պարզաբանման հետ։

Բուհի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը, որը հանդիպել էր հանձնաժողովի անդամների հետ, ասաց․«Ազգային ժողովի խմբի հետ մեր հանդիպումը տևել է մոտավորապես 1,5 ժամ։ Ես պիտի ասեմ անկեղծ․ այն խոսակցությունը ՝ տոնը, ոճը և մթնոլորտը, որը կար ներսում, անկեղծ ասած, ես հաջորդ օրը լսեցի պարոն Բոստանջյանի ելույթը, հետո լսեցի նաև հաջորդ օրվա ելույթը, իրար հակասող ելույթներ են։ Պիտի ասեմ, որ առաջին ելույթն ընդհանրապես ներսի իրավիճակին չէր համապատասխանում։ Եթե հարցը քննարկվում է, պիտի քննարկվի բազմակողմանի, եթե մենք լսում ենք մեկին վիճաբանող կողմերից, հաստատ մենք սխալ որոշում ենք կայացնելու»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031