Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերն անընդունելի են համարում ցանկացած գործողություն կամ ռազմական հռետորաբանություն. Լեհաստանի եւ ՀՀ-ի խորհրդարանականներ

Մարտ 19,2018 17:39

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը

Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Մարեկ Ռոցկիի համանախագահությամբ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ողջունելով լեհական պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վստահեցրել է, որ համատեղ նիստի նպատակն է առավել զարգացնել եւ ամրապնդել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա կապերը: Նշելով, որ ինչպես Լեհաստանը, այնպես էլ Հայաստանը մշտապես պայքարել է անկախ պետականություն ունենալու համար՝ նա փաստել է, որ մեր երկիրը, պատմականորեն եւ աշխարհագրորեն լինելով բարդ տարածաշրջանում, շատ լավ գիտի անկախության գինը: Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այն բազմազան է եւ հագեցած:

Իր խոսքում Մարեկ Ռոցկին կարեւորել է համատեղ ծրագրերի իրականացումն ու նման քննարկումների անցկացումը տարբեր մակարդակներում: Բանախոսը եւս կարեւորել է անկախություն կերտելու ժողովուրդների ձգտումը՝ նշելով, որ լեհ ժողովուրդը նույնպես գիտի անկախության արժեքը: Մարեկ Ռոցկին խոսել է նաեւ լեհահայ համայնքի մասին՝ նշելով, որ ավելի քան 600 տարի առաջ հայերը հանգրվանել են Լեհաստանում եւ մեծ դեր ունեն իրենց երկրի կյանքում:

«Հայաստան-Եվրոպական միություն. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Արմեն Աշոտյանը եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վալդեմար Սլուգոցկին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նոր սկիզբ է դրվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը բարձր է գնահատվել նաեւ եվրոպական քաղաքական շրջանակների կողմից, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համագործակցության նման ծրագիր ունի ԵՄ-ի հետ: «Սա դիտվում է հաջողության պատմություն թե՛ Եվրոպական միության, թե՛ Հայաստանի համար: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը չի կառուցվում շահերի հակադրության վրա: Առաջնորդվելով ազգային ու պետական շահերով՝ մեր երկիրը հարաբերություններ է կառուցում համաշխարհային հիմնական դերակատարների հետ»,-ասել է Արմեն Աշոտյանը:

Բանախոսը հույս է հայտնել, որ Լեհաստանի խորհրդարանը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում: Մարեկ Ռոցկին իր հերթին վստահեցրել է, որ Լեհաստանի խորհրդարանում համաձայնագիրը կվավերացվի սահմանված կարգով:

Վալդեմար Սլուգոցկու խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ հարաբերություններ կերտելու առաջին եւ կարեւոր քայլերից է: Նա նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության հիմնադիր երկրներից մեկը, շահագրգիռ է Գործընկերության անդամ երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու փուլերի սահուն անցմամբ: Նա հույս է հայտնել, որ հայ-լեհական զարգացող կապերն իրենց հերթին կնպաստեն ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրմանը եւ ընդգծել, որ Լեհաստանը պատրաստ է աջակցելու:

Օրակարգի հաջորդ՝ «Տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր. համագործակցություն եւ կայունություն Հարավային Կովկասում» թեմայի շրջանակում իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Յարոսլավ Օբրեմսկին:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգության նորօրյա մարտահրավերները պայմանավորված են այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական վերադասավորումների հետեւանքով անվտանգության ու կայունության նոր սպառնալիքներ են առաջացել:

Պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի ռազմականացման գործընթացին՝ փաստելով, որ Ադրբեջանն սկսեց եւ բացահայտ կերպով շարունակեց խախտել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, 2011թ. Վիեննայի փաստաթուղթը, որով ստուգվում է ստանձնած պարտավորությունների կատարումը, ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական վարքի կանոնակարգը, ռազմական տեղեկատվության համընդհանուր փոխանակման մասին փաստաթուղթը եւ այլն, ինչը ԵԱՀԿ առաքելության համար ունի հիմնարար նշանակություն:

«Առավելապաշտական եւ ծավալապաշտական իր ռազմավարությամբ Թուրքիա-Ադրբեջան տանդեմն ի չիք է դարձնում խաղաղ բանակցությունների միջոցով առկա հակամարտությունը կարգավորելու հեռանկարը, վարում է տարածաշրջանը բաժանարար գծերով տրոհելու եւ հատկապես Հայաստանի դեմ ռազմաքաղաքական դաշինքներ ձեւավորելու պառակտիչ քաղաքականություն: Ադրբեջանում պետք է վերջապես հասկանան, որ ցանկությունը վերադարձնել Արցախն Ադրբեջանի կազմում, նույնն է, որ ձգտես վերականգնել ԽՍՀՄ-ը կամ վերակենդանացնել Ստալինին»,- արձանագրել է բանախոսը:

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ Էրդողան-Ալիեւ թուրք-ադրբեջանական տանդեմը, առաջնորդվելով նեոօսմանիզմի ռազմավարությամբ, այսօր հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամենագլխավոր սպառնալիքն է:

Յարոսլավ Օբրեմսկին տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին անդրադարձել է աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում, խոսել այս հարցում տարածաշրջանի երկրների ունեցած դերի ու նշանակության, համաշխարհային ուժային կենտրոնների վարած քաղաքականության մասին:

«Հայ-լեհական հարաբերություններ» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահներ Յան Դոբրժինսկին եւ Ռիչարդ Մայերն ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Յան Դոբրժինսկին եւ Շիրակ Թորոսյանն անդրադարձել են երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաջող ընթացքին, երկկողմ կապերի զարգացման միտումներին, լեհահայ համայնքի գործունեությանը, խոսել փոխայցերի կարեւորության մասին: Ընդգծվել է, որ երկու պետությունների միջեւ համագործակցությունն արդյունավետ է ընթանում եւ կարեւորվել տարբեր ոլորտներում կապերի առավել խորացումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ պատգամավորն այս հարցում կարեւորել է Լեհաստանի հավասարակշռված եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության սկզբունքներին համահունչ դիրքորոշումը:

«Դուք մեզ կարող եք տեսնել որպես ձեր դեսպան Եվրամիությունում»,- ընդգծել է Ռիչարդ Մայերը:

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովների միջեւ համագործակցության խթանմանը, տարբեր ոլորտներում կապերի ակտիվացմանը, լեհահայ համայնքի գործունեությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը եւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ու Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին ստորագրել են համատեղ հայտարարություն:

Նիստի արդյունքներն ամփոփվել են Արմեն Աշոտյանի եւ Մարեկ Ռոցկիի համատեղ մամուլի ասուլիսում:

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ

19 մարտի, 2018թ.

ք. Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2018 թվականի մարտի 19-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունները, միջխորհրդարանական սերտ համագործակցությունը եւ առկա հարաբերությունների ամրապնդումը:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ երկու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջեւ բազմակողմանի կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Կողմերը կարեւորեցին օրենսդրական գործունեության շրջանակում փորձի փոխանակումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը` որպես երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունների ամրապնդման կարեւոր գործոն:

Կողմերն ընդգծեցին երկկողմ համագործակցությունն իրավահավասարության, գործընկերության եւ փոխշահավետության հիման վրա՝ համատեղ լսումների, փոխայցելությունների, միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությամբ, ժողովրդավարության ամրապնդման եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող խնդիրների շուրջ համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Կողմերը կարեւորում են 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ ողջունում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առկա երկխոսությունն ու համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները:

Կողմերը հայտարարում են, որ պատրաստ են երկուստեք ջանքեր ներդնել՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սահմանված նպատակների իրականացման համար:

Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, մասնավորապես Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը՝ կողմերը կարեւորեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում կողմերը վերահաստատեցին իրենց անվերապահ աջակցությունն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը:

Այս համատեքստում կողմերը կարեւորեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծման համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերն անընդունելի են համարում ցանկացած գործողություն կամ ռազմական հռետորաբանություն, ինչը կարող է նպաստել հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:

Կողմերը կարեւորում են նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքների իրականացումը՝ ուղղված միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը՝ առաջնային համարելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքակազմի կիրառումը:

Կողմերն ողջունում են համատեղ նիստում քննարկումների արդյունքները եւ հայտարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել ի շահ հայ-լեհական համագործակցության շրջանակում որոշումների իրագործման:

Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովների միջեւ համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում հաջորդ համատեղ նիստն հրավիրել ք. Վարշավայում 2019 թվականին:

 

Արմեն Աշոտյան                         Մարեկ Ռոցկի

Հայաստանի Հանրապետության          Լեհաստանի Հանրապետության
Ազգային ժողովի արտաքին              Սենատի արտաքին հարաբերությունների հարաբերությունների մշտական          և  Եվրոպական միության հարցերի
հանձնաժողովի նախագահ               հանձնաժողովի նախագահ 

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031