Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ից՝ Փոստանջյանին. «Բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ եք տալիս»

Մարտ 19,2018 16:51

Այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստը կրկին բավականին թեժ էր:

Մինչ օրակարգին անցնելը «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանն առաջարկեց ոտքի կանգնելով հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հանրապետականները ոտքի չկանգնեցին: Սա քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիմնավորեց՝ մենք միշտ էլ հարգել ու հարգում ենք, նրանց ընտանիքները մեր ուշադրության կենտրոնում են, կարիք չկար նիստի օրակարգը նման ձեւով սկսել:

Այսօր ավագանու նիստի օրակարգում էր ներառված «Երկիր Ծիրանիի» առաջարկած նախագիծը՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ, եւ Մյասնիկյանի արձանի հետնամասում մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել:

Հիշեցնենք, որ նախագծերի հիմնավորումը բավականին ուշագրավ է, եւ ըստ այդմ ՝ «Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ տեղի չունեցավ ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության ձեւավորում: Այնուամենայնիվ, նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմությունը փաստեց, որ ժողովրդի քվեով չընտրվեցին ո՛չ խորհրդարան, ո՛չ նախագահ եւ ո՛չ էլ ընդունվեց Սահմանադրություն: Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները եւ հայտարարվեց քաղաքական իշխանության ձեւավորման համար այլեւս կիրառվելիք հետեւյալ բանաձեւը՝ «Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:

«ԵԾ»-ի այս նախագծերը վրդովվեցրել են «Ելք» խմբակցության անդամներին: Այսօր «Ելք»-ից Անի Խաչատրյանը ելույթ ունեցավ, նշելով՝ «Վազգեն Սարգսյանն իմ կնքահայրն է եղել»:

Ապա Խաչատրյանը «ԵԾ»-ին, մասնավորապես նրա նախագահին մեղադրեց դավաճանության մեջ. «Ձեր տեսակից մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել են՝ Վարդան Մամիկոնյանից մինչեւ Զորավար Անդրանիկ հայհոյել են, դավաճան հանել, այս տեսակը Վազգենին էլ է մեղադրելու: Հայկական կեղծ ժաննա Դ՛Արկ խաղացող, համայն հայությանը եւ Արեւմտյան Հայաստանը հետ բերող, տիկի՛ն, դուք ձեր մայր կուսակցությունն եք քանդել, անգամ ձեր նորաստեղծ կուսակցության քաղաքապետարան բերած ընտրանու անձից 2-ին կորցրեցիք: Վազգենը կարողացավ 1000 զինված ջոկատայիններ ձեւավորել:

Քաղաքակիրթ երկրներում նման հակապետական նախաձեռնության հեղինակները կարժանանային քաղաքական եւ հանրային պարսավանքի: Մի՞թե այդպես գռեհիկ կարելի է ստվերել հայ ժողովրդի բարեկամ Վուդրո Վիլսոնի հիշատակը: Բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ եք տալիս այսօր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ապա «Ելք»-ից Անահիտ Բախշյանն էլ անդրադարձավ «ԵԾ»-ի նախագծերին, նա եւս քննադատեց: Բախշյանն ասաց՝ մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ որպես քաղաքական ընդվզման հուշարձան, պետք է լինի, Վիլսոնի փողոց էլ պետք է լինի. «Բայց ինչո՞ւ մեր Ազատամարտի հերոսի՝ Վազգենի փողոցը վերանվանելու ու նրա դերը նսեմացնելու հաշվին: Կամ մարտի 1-ը հավերժացնող հուշարձանի հիմնավորումը որքանո՞վ է բարոյական կապել ազգային հերոսի անվան հետ: Ի՞նչ են ուզում դրանով ասել նախագծի հեղինակները: Ուզում են ասել, որ հայ ժողովուրդը չի՞ հաղթել արցախյան պատերազմում, թե՞ նպատակը տեսանելի եւ անտեսանելի ուժերին ծառայելն ու «Ելք»-ին պառակտելն է, որը հավասարապես ուզում է անել թե՛ իշխանությունը, թե՛ այս նախագծի հեղինակները: Մի այլ զուգահեռ էլ եմ ուզում անցկացնել իշխանության ու այս նախագծի հեղինակների միջեւ ՝ առաջինն ուզում է նսեմացնել Շուշին ազատագրող Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի կերպարն ու դերը, 2-րդը՝ Վազգեն Սարգսյանինը: Ասել եմ՝ իրար շատ սազում եք»:

«Ելքը» այս ելույթներից հետո լքեց նիստերի դահլիճը, եւ երբ ավարտվեցին «ԵԾ»-ի նախագծի վերաբերյալ ելույթները, եւ քննարկման դրվեց օրակարգի հաջորդ հարցը, վերադարձան նիստերի դահլիճ:

Զարուհի Փոստանջյանի արձագանքը՝ հաջորդիվ,

«ԵԾ»-ի նախագիծը չընդունվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031