Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոշտանգման գործով տուժողի դեմ բողոք՝ ապօրինի ծառահատման, անտառապահին մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ

Մարտ 19,2018 16:29

Ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում 2017թ. հոկտեմբերի 4-ին Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանի խոշտանգման գործով դատավարության մարտի 17-ի նիստում խոշտանգման գործով մեղադրվող, ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Գերասիմ Մարդանյանը հայտարարությամբ հանդես գալով` ասաց, որ նախորդ`մարտի 6-ի դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժող Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ Ժ. Սիմոնյանը, որպես խոշտանգված, հոգեճնշված վիճակում է, չի կարող ցուցմունք տալ: Գ. Մարդանյանն ասաց, որ ինչպես կարող էր հոգեճնշված վիճակում գտնվող անձը 2 օր առաջ անտառում դեպքի մասնակից դառնալ: Երբ Գ. Մարդանյանը ներկայացնում էր դեպքը, մեղադրող դատախազները առարկեցին, որ դա առնչություն չունի դատարանում քննվող քրեական գործի հետ:

Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ մարտի 15-ին ոստիկանության Իջեւանի բաժնում Այգեհովտի անտառապահից Ժորա Սիմոնյանի դեմ բողոք է ստացվել այն մասին, որ Ժ. Սիմոնյանի կողմից մարտի 14-ին կատարված ապօրինի ծառահատումների վերաբերյալ հաջորդ օրը՝ մարտի 15-ին վիճաբանություն է տեղի է ունեցել նրա եւ Իջեւանի անտառտնտեսության Այգեհովտի տեղամասի անտառապահի միջեւ. որից հետո Ժ. Սիմոնյանը մարմնական վնասվածքներ է հասցրել անտառապահին: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Հավելենք՝ ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Էդգար Օհանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017թ. հոկտեմբերի 4-ին Ագեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին թույլատրել է իր պաշտպանության տակ գտնվող պահաբաժնից ապօրինի պատրաստել եւ դուրս բերել ընդհանուր 40 հազար 500 դրամ արժողությամբ հաճարենի, հացենի եւ թխկի ծառատեսակների 4.5 խորանարդ մետր թափուկ վառելափայտ:

Վահրամ Սիմոնյանը այդ քրեական գործով հանդես է գալիս որպես վկա: Նա Ժորա Սիմոնյանի հարազատ եղբայրն է: 2017թ. հոկտեմբերի 4-ին անտառում կատարվածի վերաբերյալ են այդ օրը ոստիկանները Վահրամին եւ Ժորային բերման ենթարկել ոստիկանության Իջեւանի բաժին, որտեղ տեղի ունեցածի կապակցությամբ խոշտանգման հոդվածով քրեական գործ է հարուցվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031