Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե դուք գնաք, նրանք կգան». Աղվան Վարդանյանը՝ 4 մլն-անոց Հայաստանի ծրագիրը ԱՄՆ-ում քարոզելու մասին

Մարտ 19,2018 16:27

Այսօր Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հրավիրած ասուլիսում ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի մանրամասները:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ի տարբերություն իր առանձին ունեցած այցերի, նկատելի էր, որ հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շատ է խոսվում արդեն Հայաստանի խնդիրների, ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերների մասին, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա:

Մենք հետաքրքրվեցինք՝ հայ համայնքում մասնավորապես ի՞նչ հարցադրումներ էին հնչում, ի՞նչ մտահոգություններ ունեին: Նա պատասխանեց. «Խոսքը գնում էր կոռուպցիայի մակարդակի մասին, որովհետեւ այն զեկույցները, որ մենք այստեղ կարդում ենք, բնականաբար, այնտեղ նույնպես կարդում են: Այն հարցազրույցները գործարարների, որոնք բախվում են տարբեր խնդիրների, հայ համայնքի ներկայացուցիչները դրանից նույնպես տեղյակ էին: Հարցնում էին, թե ինչ է արվում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունով, նախկինում նման հետաքրքրություն չկար, ի՞նչ է արվում արտագաղթը կանգնեցնելու իմաստով, ինչ բարեփոխումներ են տեղի ունենում: Ներկայացվեց հակակոռուպցիոն մարմինը, հայտարարագրեր ներկայացնողների թիվը, շրջանակը որքանով է լայնացել: Այն, ինչ իրականացվել է, ներկայացվել է»:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Սոցիալական այդ բաց մեդիայի ժամանակներում համայնքը շատ լուրջ խնդիրներ բարձրացրեց մեր առջեւ՝ որպես պատգամավորների՝ թե՛ կոռուպցիայի, թե՛ ՀՀ-ում գործազրկության, տնտեսական մենաշնորհների, արտագաղթի մասին: Իրապես խիստ տեղեկացված են, խիստ ինֆորմացված են եւ մտահոգ»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ ԱՄՆ-ն ամեն տարի ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին ֆինանսական աջակցություն է տրամադրում. «Կոնգրեսականների հայկական խումբը՝ մոտ 150 պատգամավոր, առաջարկություններ են ներկայացրել Կոնգրեսի հանձնաժողովին, որ հաջորդ տարի էապես ավելանա ՀՀ-ին եւ Արցախին տրամադրվող աջակցությունը, տեսնենք ինչպես կլինի: 36 կոնգրեսականներ առաջարկել են էապես մեծացնել օգնությունը, ինչպիսին կլինի հանձնաժողովի որոշումը՝ կտեսնենք: Կարեւոր է, որ մենք այս խնդրով ունենք բարեկամներ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ հանրությունը արդյունք է ակնկալում, որպես առանցքային արդյունք՝ ո՞րը կառանձնացնեք այս այցելությունից՝ խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ «խորհրդարանական դիվանագիտությունը արդյունք ասելով՝ չի հասկանում ստորագրված փաստաթուղթ կամ գրպաններս դրված գումար, որը վերադարձել ենք եւ մեզանից կարող են պահանջել, որ բաժանենք: Ես արդյունք կարող եմ համարել նաեւ պատվիրակության հանդիպումները բարձր մակարդակի պաշտոնյաների հետ, որտեղ մենք կարողացել ենք լսելի դարձնել մեր տեսակետները»:

Հարցին՝ ԱՄՆ-ում խոսե՞լ եք Սերժ Սարգսյանի՝ 4 մլն-անոց Հայաստան ունենալու ծրագրի մասին եւ ի՞նչ տրամադրություններ կան, գալո՞ւ են լրացնելու այդ 4 մլն-ը՝ Աղվան Վարդանյանը արձագանքեց. «Եթե դուք գնաք, նրանք կգան»:

Իսկ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այդ ծրագրի մասին մանրամասն քննարկում չի եղել. «Ընդհանուր առմամբ իրենք հետեւում են հայրենիքում կատարվող իրադարձություններին, կապրենք, կտեսնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031