Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ԱՄՆ-ն նորից մեզ փող տա. Հայ պատգամավորների այցը՝ ԱՄՆ

Մարտ 19,2018 15:49

Այսօր Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հրավիրած ասուլիսում ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի մանրամասները:

Հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այդ այցը համարում է չափազանց կարեւոր եւ նշեց, որ իրենց օրակարգը բավականին հագեցած է եղել՝ հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների, USAID-ի Եվրոպայի եւ Եվրասիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալի հետ, Դեմոկրատների ղեկավարի հետ, կոնգրեսականների հետ, Պետդեպի առաջին փոխտեղակալի հետ:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ԱՄՆ-ն նոր սկզբունք է որդեգրել՝ օգնությունից դեպի առեւտուր, համագործակցություն. «Սա նոր ձեւաչափ է, որ վարչակազմի կողմից կիրառվում է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների համար»: Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունը, հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամների հետ քննարկվել են «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի, ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված հարցերը:

Սպիտակ տանը նաեւ տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր են քննարկվել:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, հաշվի առնելով, որ Թրամփի վարչակարգը նոր խաղի կանոններ է բերել, մենք փորձեցինք փոխշահավետ համագործակցության եզրեր գտնել: Փորձագիտական մակարդակում քննարկումներ տեղի ունեցան մեզ համար կենսական խնդիրների, մասնավորապես՝ ԼՂ վերաբերյալ, ներկայացրեցինք բոլորիս մտահոգությունները, մարտահրավերները»: Նա նշեց, որ Հայաստանի ներքաղաքական իրողությունների եւ ներքաղաքական մարտահրավերների վերաբերյալ Կոնգրեսում եւ հայ-ամերիկյան բարեկամական խմբում բավականին լուրջ քննարկում են ունեցել եւ լուրջ համագործակցության հիմքեր են դրվել:

Իսկ խմբի անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ ի տարբերություն իր առանձին ունեցած այցերի նկատելի էր, որ հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շատ է խոսվում արդեն Հայաստանի խնդիրներից, ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերներից, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա: Հայաստանի ներքաղաքական խնդիրները լուրջ քննարկման առարկա էին հայ համայնքի մոտ, սա ինձ համար, ըստ էության, նորություն էր: Նախկինում այդքան հետաքրքրվածություն չեմ նկատել»:

Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ ԱՄՆ-ում փորձել են ներկայացնել ՀՀ օրակարգը. «Կարեւոր մեսիջներից մեկն այն էր, որ Հայաստանը ինչ-որ առումով նաեւ պարտադրված առաջնորդվում է իր ազգային պետական շահերով այս տարածաշրջանում եւ մեր հարաբերությունները այլ երկրների հետ բացարձակապես չեն բխում որեւէ մեկի քաղաքականության շարունակությունը լինելու հանգամանքից, այլ՝ մեր ազգային, պետական շահերից»:

Aravot.am-ը հարցրեց՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը ժամանակին դադարեցվեց, քանի որ Հայաստանը չէր կատարել այն բարեփոխումները, որոնք պարտավորվել էր, այս առումով հաջողվե՞ց ինչ-որ համաձայնության գալ, հնարավո՞ր է, որ այդ ծրագիրը նորից վերսկսվի:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք ակնկալիք չունեինք, որ պետք է գնայինք եւ այդ առումով վերջնական լուծումներ կամ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերած՝ վերադառնայինք: Մեր խնդիրը եղել է այն, որ մենք ներկայացնենք այն ամբողջ բարեփոխումների ընթացքը, որը այս պահին ընթանում է, նաեւ այն քայլերը, որ մենք կատարել ենք: Մենք վստահություն ունենք, որ նվազագույնը ընկալում կար այն ամենի, որ Հայաստանը չի գտնվում այլեւս այնտեղ, որտեղ կանգ էր առել: Հայաստանը շարժվում է առաջ եւ այն բարեփոխումները, որոնք մենք կատարում ենք, տեսանելի չլինել ուղղակի չեն կարող: Դրանք, կարծում եմ, տեսանելի են, մնացածը ժամանակի հարց է: Այս այցելությունով ոչինչ չի սկսվում եւ ոչինչ չի ավարտվում: Սրան պիտի հետեւեն այլ հանդիպումներ, ծանր, հետեւողական աշխատանք՝ ամենօրյա ռեժիմով»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ վստահ է՝ Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը ՀՀ-ի հետ դադարեցվեց շատ ավելի քաղաքական նպատակներով. «Դա 2008-ն էր: Ակնհայտ է, որ գոնե բարեփոխումների առումով մենք շատ երկրներից, տարածաշրջանում եթե ինչ-որ առումով Վրաստանից հետ ենք ընկնում, ապա Ուկրաինայից, Մոլդովայից ակնհայտորեն շատ ավելի առաջ ենք»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք երախտագիտություն են հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ մեր անկախության տարիների ընթացքում մոտ 2 մլրդ անհատույց աջակցության համար, բայց նաեւ շեշտել են՝ կա՞ որեւէ երկիր Սովետական միության, որ ավելի քիչ աջակցություն է ստացել, ակնհայտորեն՝ ոչ. «Միայն մի խնդիր կա, որ իրենց մոտ հարց է, դա, իհարկե, կոռուպցիային առնչվող խնդիրներն են: Բայց իրենց մոտ կարծես տեղեկատվությունը այդ ոլորտում ՀՀ-ի կատարած եւ՛օրենսդրական քայլերի առումով, եւ՛ պրակտիկ քայլերի առումով մի քիչ ուշացած է»:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ հիմա մենք ավելի ենք համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշներին, քան թե այն ժամանակ, երբ ծրագիրը իրականացվում էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031