«Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ որոշում է կայացվել, և նրա հորը՝ Էմիլ Բուդաղյանին, ոչ տրամադրում են դատավարական որոշումները, ոչ էլ հնարավորություն է տրվում դրանք որևէ ձևով վիճարկել»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:
Ըստ նրա՝ իրավիճակն էլ ավելի է վատթարացել:
Պարոն Ալումյանը վստահեցրեց՝ Բուդաղյանների պայքարը մինչև հիմա շարունակվում է, և իրենց հիմնական շեշտը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատն է:
Ըստ պարոն Ալումյանի՝ մեր դատարանները ներկայացնում են, թե Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ կատարած անձը, և Վերաքննիչ դատարանի կողմից այդ որոշումը կայացվեց՝ անօրինական. «Այս խնդրի լուծումը կրկին տրվեց այնպես, ինչպես չորս տարի առաջ, երբ մենք դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նույն սխալը, ինչ թույլ էին տվել, հիմա նույնությամբ կրկնեցին»:
Հայկ Ալումյանի պարզաբանմամբ՝ խնդիրն այն է, որ քննչական մարմինը համարել է, որ Ավետիք Բուդաղյանն է եղել սպանության փորձ կատարողը, դրանից էլ բխում էին այն հետևությունները, թե Սուրիկ Խաչատրյանի հարազատները գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմանում: Այս առիթով փաստաբանն ասաց. «Եթե Ավետիք Բուդաղյանին եք համարում հանցագործ, և դրանից ելնելով՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին համարում պաշտպանական կողմ, ապա նման հետևությունները պետք է դատարանն անի, ոչ թե քննիչը: Մենք պնդում ենք հակառակը՝ Բուդաղյանի վրա հարձակվել են»:
Պարոն Ալումյանը մտահոգություն հայտնեց՝ ներկայիս մեթոդներն ավելի մանր են: Այնուհետև դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարեց. «Հարգելի′ գլխավոր դատախազ, շատ են մանրացել մեթոդները, որոնց միջոցով փորձ է արվում խախտել Ավետիք Բուդաղյանի իրավունքները: Նորից նույն գնահատականն են տալիս Ավետիք Բուդաղյանի գործողություններին. մենք փորձում ենք բողոքարկել այդ որոշումը և հետին թվով ստանում ենք կայացված որոշում դատախազի ստորագրությամբ, որտեղ գրված է, որ Էմիլ Բուդաղյանը, որն իր սպանված որդու համար բողոք է ներկայացրել և նրա փաստաբանն այլևս չունեն դատավարական կարգավիճակ այդ գործում և մենք չենք կարող այլևս բողոք ներկայացնել»:
Հայկ Ալումյանն այս մեթոդները որակեց՝ մանր-մունր և դատախազությանը ոչ սազական:
Փոխարենը հավաստիացրեց՝ քանի դեռ մեղավորներն ամբաստանյալի աթոռին չեն հայտնվել, չեն դադարեցնելու պայքարը: Հայկ Ալումյանի համոզմամբ՝ այս իրավիճակում ՄԻԵԴ-ում իրենց ավելի մեծ շանսեր տվեցին հաջողության հասնելու համար:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ տարբեր միջոցների են դիմել. բողոքարկել են գլխավոր դատախազին. նրան ուղարկել են երեք բողոք, իսկ երկու բողոք ուղարկել ենք ներպետական դատարաններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ