Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՓՊ-ն ձեւական քայլեր է արել. այն վերածվել է մեր հանդեպ հետապնդումների գործիքի». Մուշեղ Շուշանյան

Մարտ 19,2018 15:17

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր հրապարակվեց «Սասնա ծռերի» դատավարությունների խնդիրներն ամփոփող միջազգային զեկույցը: Քննարկման ժամանակ փաստաբան Արայիկ Պապիկյանը նախ մատնանշեց՝ դատավորները պատճառաբանեցին, թե «ծռերի» քրեական գործի քննությունը երեք մասի բաժանելը բխում է արդար դատաքննության իրավունքից, մինչդեռ փաստաբանները դա կամայական մեկնաբանություն են համարում:

«Բացի այդ, պայմանագրային պաշտպաններին զուգահեռ՝ դատավորները հանրային պաշտպանների նշանակեցին, մինչդեռ վերջիններս տեղյակ չէին նախորդ ամիսների դատավարական գործընթացից, ծանոթ չէին քրեական գործի նյութերին: Նրանք իրենք էին դատարանում հայտարարում, որ դա չի բխում անձի պաշտպանական իրավունքից, մինչդեռ դատավորը պնդում էր, որ նրանք պետք է մնան»,-նկատեց Արայիկ Պապիկյանը:

«Սասնա ծռերի» փաստաբաններից Մուշեղ Շուշանյանն էլ մատնանշեց՝ մեղադրյալները հրաժարվել են հանդիպել հանրային պաշտպանների հետ, ուստի առանց մեղադրյալների դիրքորոշմանը ծանոթ լինելու՝ պաշտպանություն իրականացնել հնարավոր չէ. «Աննորմալ իրավիճակ է այժմ ստեղծված, երբ անձանց պաշտպաններին զուգահեռ՝ ներգրավված են դատարանի կողմից պարտադրված հանրային պաշտպաններ»:

Մուշեղ Շուշանյանն այնուհետեւ հայտարարեց՝ իր տեղեկություններով՝ ՀՀ փաստաբանների կողմից հանրային պաշտպանների նշանակումը վերջիններիս հանդեպ ճնշմամբ եւ սպառնալիքներով է կատարվել. «Դա իրենք մեզ հետ զրույցներում չեն թաքցրել»:

Շուշանյանն անդրադարձավ նաեւ ՓՊ-ի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի առնչությամբ իրականացվող քայլերին: Հիշեցնենք, որ այդ օրենքի համաձայն՝ դատավորները կարող են փաստաբանի եւ դատախազի հանդեպ մինչեւ 100 հազար դրամի տուգանք կիրառել:

«ՓՊ-ի կողմից պայքարի ձեւական քայլեր են եղել: Եթե ՓՊ-ն իրապես առաջնորդվեր փաստաբանների շահերով, եւ ոչ թե վերածվեր մեր հանդեպ հետապնդումների գործիքի, այդ օրինագիծը չէր ընդունվի»,-համոզմունք հայտնեց Մուշեղ Շուշանյանը:

Հիշեցնենք՝ վերջերս  նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանն աղմկոտ մեղադրանքներ հնչեցրեց ՓՊ հասցեին, որոնց արձագանքեց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031