Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյանը ֆանտազիա է համարում, որ ծնելիության նման մակարդակով կհասնենք 4 միլիոնի

Մարտ 19,2018 15:08

«Ժողովրդագրական տեսակետից այդ խնդիրն անլուծելի է, մենք ծնելիության նման մակարդակ չենք կարող ունենալ, որպեսզի ապահովենք նման բնակչության աճ, դա անգամ երազանք չէ, ֆանտազիա է»,-այսօր անդրադառնալով հանրապետության նախագահի՝ բնակչությունը 2040 թվականին 4 միլիոն հասցնելու ծրագրերին, ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Aravot.am-ը պարոն Եգանյանից հետաքրքրվել էր, թե միգրացիայի նման տեմպերի պարագայում հնարավո՞ր է հասնել այդ ցուցանիշին: Ըստ նրա, ծնելիությունը նվազում է եւ նման քանակի բնակչության աճ ապահովելու համար ծնելիության նման մակարդակ չենք կարող ունենալ:

Ռուբեն Եգանյանը «Անդրադարձ» ակումբում ներկայացրեց վերջին 2015-2017 թվականների միգրացիոն իրավիճակը մեր երկրում: Համաձայն եռամյա տվյալների՝ մեր երկրում յուրաքանչյուր տարի բնակչությունը պակասել է 44 հազար բնակչով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ պարոն Եգանյանի, հետազոտությունները պարզել են, որ Հայաստանից մարդիկ հեռանում են աշխատանքի նպատակով, մշտական բնակության եւ նաեւ ընտանիքներով. «Մեկը դա կարճաժամկետ, ժամանակավոր հոսքն է, որին ծանոթ ենք սովետական շրջանից, որը հայտնի է որպես խոպանչիություն, որը զգալի ծավալների է հասել: Կա նաեւ ավելի փոքր ծավալներով հոսք, որը նույնպես կարճաժամկետ է, բայց ոչ սեզոնային: Սա այն դեպքերն են, երբ ինչ-որ մի աշխատատեղ է առաջանում, մարդիկ զանգում են իրենց ծանոթներին եւ ասում, որ մի 3-4 ամսով աշխատատեղ կա: Եվ 3-րդ հոսքն այն է, որն իր արդյունքների առումով բավական նշանակալից է, դա տեւական՝ մեկ եւ ավելի տարով աշխատանքային միգրացիոն հոսքն է»:

Ռուբեն Եգանյանի խոսքով, ճիշտ է, մյուս երկու հոսքերն էլ են ավարտվում փոքր բացասական մնացորդով, բայց այս դեպքում ունենում ենք բավական նշանակալից բացասական մնացորդ. «Այսինքն՝ ամեն տարի այս հոսքի հաշվին արտերկրում կուտակվում են մեր զգալի թվով տեւական աշխատանքային միգրանտներ: Տարբեր գնահատականներով՝ 200-300 հազար մարդու մասին է խոսքը, որ վերջին 15 տարում կուտակվել են արտերկրում եւ միանշանակ չէ ոչ այս հոսքի վերադարձը, ոչ էլ՝ մնալը: Սա դեռեւս անորոշության դաշտում է եւ այս հոսքի հետագա վարքագծով է պայմանավորվելու որոշ չափով մեր միգրացիոն հետագա գործընթացների ձեւավորումների որոշակիությունը»:

Ըստ ժողովրդագրի, թե՜ մշտական, թե՛ ժամանակավոր հոսքերում անհամամասնորեն բարձր են ներկայացված տղամարդիկ եւ աշխատանքային ակտիվ եւ վերարտադրական տարիքի բնակչությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031