Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ապացույցներ ներկայացնեն, ես դրանից հետո կմեկնաբանեմ». Վերլուծաբանը՝ Սեֆիլյանի հայտարարության մասին

Մարտ 19,2018 14:52

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը վստահեցնում է, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքն իրեն ուղղված հերյուրանք է, իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանը Նահապետյանին մեղադրում է իրեն ֆիզիկապես ոչնչացնելու միջնորդավորված սպառնալիք հասցնելու մեջ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին նախօրեին Սեֆիլյանն իր պաշտպանական ճառում հայտարարել էր, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիք է եղել հետևյալ խոսքերով. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»:

Aravot.am-ի հարցին, թե Սեֆիլյանն ինչու պետք է անհիմն զրպարտեր Նահապետյանին, վերջինս պատասխանեց՝ հարցի հասցեատերը նա է, որը նման հայտարարություն է արել, ինքը գիտի ինչու է ասել ու ինչու այս փուլում: Հայկ Նահապետյանը Ժիրայր Սեֆիլյանի այդ հայտարարությունից չի զարմացել.

«Զարմանք չէ, զայրույթ է առաջացրել այդ հայտարարությունը, որովհետեւ եթե անձի նկատմամբ ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածվում, ու այն էլ մի անձի կողմից է տարածվում, որը ինձ հարազատ է եղել, պարզապես զայրացնում է: Այն, ինչ ճառի մեջ ասվել է բառացի, այդ բառացի գրվածը թող ապացուցեն, այդ ապացույցներից հետո, բնականաբար, կմեկնաբանեմ, կխոսեմ, անհրաժեշտություն լինի, ես ինչ-որ բաներ կներկայացնեմ: Այն անձը, ում զրպարտում են, պարտավոր չէ իր անմեղությունը տարածել, այլ զրպարտանք տարածողը պետք է ապացուցի, հիմնավորի իր ասածի ճշմարտացիությունը»:

Հայկ Նահապետյանի խոսքով, ինքը վերջին անգամ Սեֆիլյանի հետ զրուցել է 2012-ի վերջին. «Մենք տարաձայնություններ ունեցանք իրավիճակի գնահատականի, այդ իրավիճակից դուրս գալու ելքերի ու ճանապարհների վերաբերյալ, ինչից հետո մեր ճանապարհները բաժանվեցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031