Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի»-ի հաղորդումը «Շտապբուժօգնության» կողմից փետրվարի 13-ին անօրինական կանչ ընդունելու ու սպասարկելու վերաբերյալ

Մարտ 19,2018 13:38

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Հաղորդում հանցագործության մասին

Երևանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի փետրվարի 13-ին անօրինական կանչ ընդունելու ու սպասարկելու և ապօրինություններ թույլ տալու վերաբերյալ

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարան (հասցե` Երևան, Արգիշտի 1) Երևանի ավագանու նիստերի դահլիճ մուտք է գործել շտապ բժշկական օգնության հոգեբույժ-բուժակների բրիգադ: Սույն բրիգադի այցը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճ և նրանց հերթապահությունը նիստերի դահլիճում թե՛ ընդմիջման, թե՛ նիստի ընթացքում տեղի է ունեցել օրենքով սահմանված դրույթների խախտմամբ և հետապնդել է հատուկ նպատակ` հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով խոչընդոտել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին` կատարելու իրենց պարտականությունները:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը, իրազեկման թերթիկի ձևը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 24 հուլիսի 2013 թ. N 39-Ն հրամանի դրույթները անտեսելով` Երևանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ն 2018 թվականի փետրվարի 13-ին ընդունել է անօրինական կանչ և սպասարկել անօրինական կանչի պահանջները:

Այսպես, համաձայն իմ կողմից կատարված հարցման ի պատասխան Երևանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնել է հետևյալը` «Ս/թ. փետրվարի 13-ին ժամը 12:00-ին շտապ օգնության ծառայությունը չգրանցված հեռախոսահամարից ստացել է կանչ Երևանի քաղաքապետարանի հասցեով, որ տեղի ունեցող միջոցառման ժամանակ առաջացել է լարված իրավիճակ, և որ դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցներ: Կանչը կոնկրետ անձի անունով չի տրվել: Համալիր սպասարկում իրականացնելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել մեկ ռեանիմացիոն բրիգադ և մեկ գծային բրիգադ` հոգեբույժ-կոնսուլտանտի ուղեկցությամբ: Հոգեբուժական բնույթի կանչերը տրվում են ոչ միայն հոգեկան խանգարումների սրացման ժամանակ, այլ նաև վարքագծի և էմոցիոնալ խանգարումների ժամանակ: Հոգեբուժական կանչերը մի շարք դեպքերում, ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ կարող են կրել փորձագիտական կամ կոնսուլտատիվ բնույթ: Ռեանիմացիոն բրիգադը օգնություն է ցուցաբերել Մարտին Ցոլակի Վարդազարյանին և հոսպիտալացրել է «Նորք-Մարաշ» ԲԿ` ստաբիլ ստենոկարդիա նախնական ախտորոշմամբ: Գծային բրիգադը ոչ ոքի բժշկական օգնություն չի ցուցաբերել:»

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը, իրազեկման թերթիկի ձևը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 24 հուլիսի 2013 թ. N 39-Ն հրամանի համաձայն սահմանված է հետևյալը` «Կանչի պատճառը»` լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից: Համակարգը հնարավորություն է տալիս նշել մի քանի պատճառ: «Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք»` դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է: «Հիվանդի գտնվելու վայրը» դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից: «Կանչ տվողի հեռախոսահամարը» դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից: «Կանչողի տվյալները»` անուն, ազգանուն: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարան (հասցե` Երևան, Արգիշտի 1) Երևանի ավագանու նիստերի դահլիճ մուտք գործած Երևանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի շտապ բժշկական օգնության հոգեբույժ-բուժակների բրիգադն առանց ներքո թվարկված տվյալների` կանչի պատճառի, հիվանդի անունի, ազգանունի, հայրանունի, տարիքի, հիվանդի գտնվելու վայրի, կանչը տվողի հեռախոսահամարի, կանչողի տվյալների` անուն, ազգանունի իրականացրել է օրենքով իրեն վերապահված լիազորություններից դուրս հատուկ առաքելություն` հանրային միջոցների հաշվին ապօրինի գործառույթ:

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի պատասխանից ակնհայտ է, որ տիկին Թագուհի Ստեփանյանի կողմից ղեկավարվող ընկերությունը չի կատարել իրավական ակտերով նախատեսված պարտականությունները, ինչը ոչ միայն հանգեցրել է 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ` Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարմանը, այլև կրում է շարունակական բնույթ, որը սպասարկում է ապօրինի գործունեություն` «հոգեբուժական կանչեր մի շարք դեպքերում, ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ կարող են կրել փորձագիտական կամ կոնսուլտատիվ բնույթ»:

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի պատասխանը վկայություն է, որ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ցուցաբերելու անվան տակ տեղի է ունենում ապօրինի գործառույթ, ըստ էության, սովետական արատավոր ավանդույթները շարունակում են գործել ներկայիս, այսպես կոչված` «վերահսկվող ժողովրդավարության» համակարգի ներքո: Սա վկայություն է, որ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հետապնդումները շարունակում են կրել համակարգված բնույթ, ինչը ներառում է ռեպրեսիա իրականացնելու համար իրավապահ մարմինների, դատարանների և բժշկական հաստատությունների համատեղ գործունեությունը:

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարան (հասցե` Երևան, Արգիշտի 1) Երևանի ավագանու նիստերի դահլիճ մուտք գործած շտապ բժշկական օգնության հոգեբույժ-բուժակների բրիգադի ներկայությունը փաստում է, որ «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ն, անհրաժեշտության դեպքում, համատեղության կարգով ներգրավվում է ոչ միայն իրավապահ մարմինների ապօրինի գործառույթների մեջ, այլ նաև Տարոն Մարգարյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը և ապօրինի հրահանգները սպասարկելու համար:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը հանցագործության մասին:

Կից ներկայացնում եմ` Երևանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի գրության պատճենը:

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031