Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեհաստանի Սենատի պատվիրակությունը hարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մարտ 19,2018 12:44

Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի եւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ մարտի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Լեհաստանի Սենատի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:

Մարեկ Ռոցկին, ցավակցություն հայտնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության համար, նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների նկատմամբ նախորդ դարում իրականացվել են դաժան ոճրագործություններ եւ հավելել, որ ամեն ինչ պետք է անել, որ երկու երկրների նոր սերունդը խաղաղ ճանապարհով կերտի իր ապագան:

«Տպավորված եմ: Դժվար է այստեղից անտարբեր դուրս գալ»,- ասել է Մարեկ Ռոցկին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031