Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի

Մարտ 19,2018 12:25

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:

Մասնավորապես, կառավարության ղեկավարն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում ջայլամաբուծության զարգացումն ու առաջարկել է փոխգործակցել «Գործարար Հայաստան»  հիմնադրամի (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ՝ արտահանումը խթանելու նպատակով:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է մարզի Արտամեդ համայնք, որտեղ իրանահայ ներդրողների կողմից իրականացվում է պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագիր: Կարեն Կարապետյանին տեղեկացրել են, որ 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Տնկիների մշակման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է արտադրված պիստակի ողջ ծավալն արտահանել տարբեր շուկաներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցություն ցուցաբերել ներդրումային ծրագրի իրականացմանն ու արտահանման կազմակերպմանը:

Վարչապետը եղել է նաև Սարդարապատ համայնքում գործող Voskeni wines գինեգործական ընկերությունում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին: Ընկերությունն արտադրությունն իրականացնում է Գերմանիայից ներկրված ժամանակակից սարքավորումներով: Խաղողի մթերման նպատակով պայմանագրեր են կնքվել ոչ միայն Արմավիրի մարզի, այլ նաև Վայոց ձորի խաղողագործների հետ: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել խաղողի սեփական այգիները ոռոգման կաթիլային համակարգերով: Բացի գինիների տեսակների ընդլայնումից՝ ծրագրվում է ավելացնել նաև արտահանման ծավալները: Այժմ արտադրանքն իրացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Նիդեռլանդներում: Համապատասխան քայլեր են իրականացվում եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031