Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ընտրությունների գլխավոր արդյունքը իր համար անվանել է 1 մլն քաղաքացիների աջակցությունը՝ նշելով, սակայն, որ իրեն այդպես էլ չի հաջողվել համոզել մարդկանց մասնակցել ընտրություններին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինձ և մեր թիմի համար այս քվեարկության գլխավոր արդյունքը այն մեկ միլիոն ձայնն է, մեկ միլիոն մարդիկ, որոնք պաշտպանել են մեր արժեքները: Դա այն բազմաթիվ հիասքանչ, ոչ անտարբեր քաղաքացիներն են: Եթե մեկ միլիոն մարդ մեզ հետ կուսակցություն ստեղծի, մենք կփոխենք Պետական դուման: Եթե մեկ միլիոն մարդ մեզ հետ խաղաղ ցույցի դուրս գա, մենք կփոխենք երկիրը»,- գրել է նա Instagram-ի իր էջում:
Սոբչակը նշել է, որ պատրաստվում է շարունակել զբաղվել քաղաքականությամբ՝ «լուսավորության, կոնկրետ գործերի, մյուս ընդդիմադիրների հետ կապերն ընդլայնելու» ճանապարհով:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում Քսենյա Սոբչակը հավաքել է ձայների 1.67 տոկոսը, նրա օգտին քվեարկել է 1 մլն 224 հազար մարդ:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցում է արդեն 6-րդ անգամ և հերթական անգամ հավաքել է ձայների 5.66 տոկոսը, հայտարարել է, որ դժգոհ է նախնական արդյունքներից: Նրա խոսքով՝ ընտրություններում «չկան հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար»: Նա նշել է, որ ամբողջ երկրում լցոնումներ են եղել, բայց դրա համար անիմաստ է բողոքել:
Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, որը 11.79 տոկոսով երկրորդ տեղում է, ընտրություններն անվանել է «ամենակեղտոտը հետխորհրդային տարածությունում»:
«Ցավոք, Նավալնին ճիշտ էր. և միևնույն մարդուն 2-3 անգամ քվեարկել կարելի է»,- ասել է Գրուդինինը՝ հավելելով, որ նման դեպքեր տեղի են ունեցել Մոսկվայի մարզում:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ «չնայած այդ ամբողջ կեղտին»՝ ինքը և իր համախոհները արժանապատվորեն են անցել ընտրությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ