Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Կարո՞ղ է ես երեկվա պատգամավորն եմ»

Մարտ 19,2018 11:45

ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն «աբսուրդ» է համարում իր առաջարկած նախագծի առիթով ՀՀԿ-ական պատգամավորների բերած հակափաստարկները: Հիշեցնենք`Արմեն Ռուստամյանն առաջարկում է նախկինի նման թույլ տալ, որ մեկ պատգամավորը կարողանա մասնակցել մի քանի հանձնաժողովների աշխատանքներին: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն ունի յոթ անդամ, իսկ խորհրդարանական հանձնաժողովները 9-են: Գործող սահմանափակմամբ, մեկ պատգամավորը կարող է լինել մեկ հանձնաժողովի անդամ: Արմեն Ռուստամյանն ասում է, որ ՀՀԿ-ի հայտարարած ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքից նման սահմանափակումը չի բխում:

Հարցի հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ասաց. «Որոշակի սահմանադրաիրավական վերլուծություններից հետո գանք համաձայնության, քանի որ հարցն արդարացի է, բայց Կանոնակարգ օրենքը սահմանափակումներ է անում»: Նա մտավախություն ունի, որ նիստերը կարող են միաժամանակ լինել եւ խնդիր առաջանա:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կիսում է Արմեն Ռուստամյանի մտահոգությունները: Բայց առաջարկում է` թուղթ ու գրիչով նստել`աշխատել եւ հասկանալ`ո՞ւմ տեղերը եւ որքա՞ն են ավելացվում, որպեսզի այսրոպեական լուծում չստացվի:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն էլ, ելնելով Արմեն Ռուստամյանի առաջարկած տրամաբանությունից`ասում է. «Այդ դեպքում, ԱԺ նախագահի տեղակալների թիվն էլ ներկայացված խմբակցությունների թվին պետք է համապատասխանեցնել: Խնդիրը տեսնում ենք, բայց քննարկենք եւ լուծման տարբերակը գտնենք: Թեեւ ես շատ խնդիր դրանում չեմ տեսնում`ելնելով այն նկատառումից, որ ցանկացած հանձնաժողով հնարավորություն ունի մասնակցել ցանկացած հանձնաժողովի նիստին, կարծիք հայտնել, բացի քվեարկությունից»: Այս առումով, ինքը «Ելք»-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանին «դասական օրինակ» է համարում: Նա միշտ եւ շատ ակտիվ մասնակցում է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստերին: Գեւորգ Կոստանյանը Արմեն Ռուստամյանի առաջարկում քաղաքական խնդիր է տեսնում, չի ցանկանում խորանալ դրա մեջ`միանում է գործընկերներին`լրացուցիչ քննարկենք:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց`քննարկման արդյունքում մի բաց ունեցանք`կայուն մեծամասնություն ունեցող իշխող ուժը եթե պետք է մեծամասնություն ունենա ԱԺ-ում, չի կարող մշտական հանձնաժողովներում էլ մեծամասնություն չունենա: Կոնկրետ`եթե ՀՅԴ-ին թույլ է տրվում ավելացնել իր անդամների թիվը, ապա համամասնությունը խախտվում է: Գուցե բոլորի՞ն թույլատրվի ավելացնել իրենց անդամների թիվը: Լրացուցիչ մեխանիզմներ պետք է սահմանվեն, ուստի ինքն էլ կարծում է, որ լրացուցիչ քննարկման տեղ կա:

«Ի՞նչ եք ինձ բացատրում, կարո՞ղ է ես երեկվա պատգամավորն եմ»,- վրդովվեց Արմեն Ռուստամյանը`նկատելով, որ դա, հանձնաժողովում նաեւ քվեարկություն է կատարվում, ինչն ամենակարեւոր դրվագներից է. «Լուրջ ու կարեւոր առաջարկը մի ձայնով չի անցնում: Էդ պարագայում`ազատ թողեք պատգամավորներին: Լուծում կա`պետք չի բարդացնել, խճճել: Սահմանադրությամբ ասվում է`համամասնությամբ է տեղերը բաշխվելու: Կա հանձնաժողով, որտեղ ՀՅԴ-ի համամասնությունը զրո է: Ես իրավունք չունենամ հանձնաժողովում ներկա գտնվել, որովհետեւ ձեր համամասնությունը խախտվո՞ւմ է: Փոքրից պետք է ելնել: Աբսուրդի մեջ եք հայտնվում: Ինչ ուզում եք արեք`ապահովեք հանձնաժողովում խմբակցության ներկայությունը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը`համակարծիք է Արմեն Ռուստամյանի հետ: Ասում է` ինքն էլ արդյունավետ կհամատեղեր իր աշխատանքը երկու հանձնաժողովներում, ինչպես աշխատել է նախկինում: Նա համամիտ չէ իշխանական ճամբարի հետ. «Համամասնությունը չի խախտվում, ՀՀԿ-ն այնքան մանդատ է ստացել…թիվ ավելացրեք, մարդիկ ցանկություն կունենան, թող աշխատեն`չէ`չէ»: Համամասնությունը խախտվի էլ, խնդիր չի տեսնում:

Առաջարկություն են տալու, որ «Ելք»-ի վրա էլ տարածվի այս նախագիծը, քանի որ իրենք էլ են փոքրաթիվ: Նա էլ չի հասկանում`ինչո՞ւ «Ելք»-ի եւ ՀՅԴ-ի իրավունքները պիտի խախտվեն, ՀՀԿ-ինն ու «Ծառուկյան» դաշինքինը`սրբորեն պահպանվեն: Ընդդիմադիր պատգամավորը մի բան էլ չհասկացավ`ԱԺ կանոնակարգ-օրենքի վերաբերյալ կառավարությունն ասելիք չպիտի ունենա`կանոնակարգն է սահմանել. ի՞նչ հիմքով է փոխնախարարը ելույթ ունենում`սովորույթի ուժո՞վ: Գեւորգ Կոստանյանն, իհարկե, չբացատրեց, թե Արթուր Հովհաննիսյանն ինչ հիմքով ելույթ ունեցավ հանձնաժողովի նիստում: Միայն ասաց. «Իրավաբանը իրավունքի եւ օրենքի նկատմամբ պետք է հարգանք ունենա»: Ինքը հարգում է, վստահ է, որ Էդմոն Մարուքյանն էլ է հարգում: Առհասարակ`բոլորին կոչ է անում հարգել. «Մենք օրենքով ենք առաջնորդվում, ոչ թե սովորույթով, դուք էլ իրավաբան եք, խորհուրդ կտամ հարցերին սովորույթով չվերաբերվել, այլ օրենքով»:

Ուշագրավ էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի տեսակետը. «Ինչո՞ւ չենք ուզում ընդունել այն փաստը, որ ցանկացած խմբակցության գործունեության սահմանները որոշվում են խորհրդարանում իրենց ներկայացվածության չափով»: Ինքը չի ընդունում Արմեն Ռուստամյանի այն տեսակետը, որ հանձնաժողովների թիվը պետք է նվազեցնել`ամենանվազ խմբակցության չափին հասցնել: Բայց ընդունում է, որ ներկայացուցչության խնդիր կա:

Արդյունքում, Արմեն Ռուստամյանը ետ վերցրեց նախագիծը: Երկու ամսվա ընթացքում այն կլրամշակվի, նոր կներկայացվի հաստանման:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    խնդրի լուծման 2 տարբերակ կա. կա՛մ, ինչպես ասվեց, պակասեցնել հանձնաժողովների թիվը և կա՛մ բարձրացնել անցողիկ շեմը՝ համապատասխանեցնելով այն հանձնաժողովների թվին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031