Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորական կոթեցու անցած մարտական ուղին «մոռացել են»  

Մարտ 19,2018 12:30

Նամակով դիմել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին

Այս օրերին նշվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:

Ինքս էլ եղել եմ Ղարաբաղյան շարժման հիմնադիր համագումարների պատգամավոր:

Սումգայիթյան ողբերգալի իրադարձության օրերին կոթեցիներս՝ գյուղում ապրող եւ գյուղից դուրս, տագնապում էինք.  գյուղը 38 կմ սահմանակից է Ղազախի շրջանի թուրքի 13 գյուղերի հետ։

Հանրապետության տարբեր վայրերում ապրում եւ աշխատում էին մեծ թվով համագյուղացիներ, ովքեր արձագանքում էին գյուղի կանչերին՝ վշտի, վայելքի, թե հոգսի ժամանակ:

Սպասող վերահաս վտանգին դիմակայելու համար երեւանաբնակ կոթեցիների նախաձեռնությամբ 1989թ. օգոստոսի 19-ին գյուղում եղավ մեծ հավաքույթ, որի կազմակերպող խմբի անդամներից մեկն էլ ես էի։ Կազմվեց գյուղի ինքնապաշտպանությանն աջակցող երեւանաբնակ կոթեցիների հանձնաժողով, նախագահ ընտրվեց փոխգնդապետ Կամո Մամյանը։ Որոշվեց հաջորդ խոշոր հավաքի օրը՝ 1990թ. հին տոմարով Նոր տարվա։ Կատարվեց խոշոր հանգանակություն՝ զենք, զինամթերք ձեռք բերելու համար։

Գյուղը մեծ կորուստ կրեց 1990թ. հունվարի 16֊ի լուսաբացին. ծառայական պարտականություն կատարելիս «ասֆալտի» ֆիդայիների գնդակից վիրավորվեց Կամո Մամյանը, երկու օր անց՝ հունվարի 18֊ին, ընդհատվեց նրա կյանքը: Այդ ծանր կորուստն ավելի համախմբեց մեզ՝ կոթեցիներիս։

Երեւանաբնակ կոթեցիների հանձնաժողովի, «Գվարզին» ինքնապաշտպանական կամավորական ջոկատի, որին անդամագրվել եմ 1990-1994թթ., համատեղ կազմված գրաֆիկով գյուղի եւ այլ վայրերից համագյուղացի տղաների հետ դիրքերում հերթապահելուց բացի, պետք էր ձեռք բերածը, հայթայթածը հասցնել գյուղ, այդ դժվարին ծառայությունից բաժին հասավ նաեւ ինձ։ Դժվար էր, քանի որ գյուղի հետ կապող բոլոր ճանապարհները հսկում էին Ադրբեջանում տեղակայված ռուսական 4֊րդ բանակի զինծառայողները, ովքեր վարում էին թուրքամետ քաղաքականություն…

Վերը նշված հանձնարարությունները կատարել եմ նվիրումով: Ինձ մոտ ունեի 96 թերթից բաղկացած քառակուսի տողերով տետր, որում նշում էի դիրքերում հերթապահություն կատարած օրերը, ում հետ եմ հերթապահել, որ օրը, զենք-զինամթերք, հագուստեղեն, ուտելիք գյուղ ներկրված օրերը, ինչ եմ տեղափոխել, ինչ քանակի եւ ում եմ դրանք հանձնել։ Այս բոլորը գրառված էր օրագիր 96 թերթանոց տետրիս 136 էջերում։

Պատերազմի օրերի Կոթի գյուղի մասին «Մարտնչող Լեռնահովիտ» վեպը գրելու ժամանակ օրագիր-տետրս խնդրեց  գրքի հեղինակ Իգնատ Մամյանը, եւ ես տվեցի։

Գիրքը հրատարակելուց որոշ ժամանակ անց Իգնատին խնդրեցի օրագիր- տետրս վերադարձնել, այսօր-վաղը ձգձգելով՝ այդպես էլ իրենից հետ չստացա։

Իգնատի մահից հետո նույն խնդրանքով դիմեցի նրա տղաներին՝ նույն օրագիր-տետրիս համար, պատասխանեցին՝ չկա, չենք գտնում, այդպես էլ կորավ, թե չէ այսօր լիարժեք ապացույց կլիներ  սահմանամերձ գյուղի պաշտպանությանը մասնակցելս՝ չկամ մարդկանց ապացուցելու համար…

Զինադադարից հետո «Գվարզին» ինքնապաշտպանական կամավորական ջոկատի հրամանատար Մելիք Մելիքյանի կողմից տրվել է տեղեկանք՝ մարտական ուղու մասին, որը հաստատվել է ՀՀ ԵԿՄ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Ասլանյանի կողմից։

Տեղեկանք, որ կոթեցի եմ, բնութագիր գյուղապետարանից, երաշխավորագիր համագյուղացիներից՝ կռվի ժամանակ իմ մասնակցության վերաբերյալ, որոնք հաստատվել են գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի կողմից։

Այդ  փաստաթղթերը հիմք են հանդիսացել ԵԿՄ վարչության ղեկավարության համար, տրվել է բնութագիր եւ «Մարտական ուղի»՝ հաստատված ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի կողմից, որի հիման վրա ստացել եմ ԵԿՄ N Ա103260 վկայականը։

2017թ. հոկտեմբերին Էրեբունի համայնքի ԵԿՄ բաժանմունքից Նարինեն զանգեց, որ վկայականները փոխվում են, նշեց պահանջվող թղթերի անվանացանկը: Ամենը պատրաստելուց հետո մնում էր «Մարտական ուղին»։ Զանգեցի Նոյեմբերյանի ԵԿՄ բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Ասլանյանին, վերջինս ասաց՝ «Մարտական ուղին» բեր Կոթիի «Գվարզին» ինքնապաշտպանական կամավորական ջոկատի նախկին հրամանատար Մելիք Մելիքյանից, կհաստատեմ։

Զանգեցի Մելիքին, ասաց՝ արի գյուղ, հանձնաժողովի նիստով պետք է հաստատվի, որ գրեմ։ Դեկտեմբերի 23-ին գնացի Նոյեմբերյան, գիշերեցի քրոջս տղայի տանը, 24-ին հանդիպեցի Կողբում, ուր բնակվում է, ասաց՝ գնա Նոյեմբերյան, 25֊ի առավոտը կգամ, կվերցնեմ՝ կգնանք գյուղ։ Չեկավ, 25-ի երեկոյան զանգեցի, թե՝ հանձնաժողովի անդամներին չի կարողացել հավաքել։ Երեք-չորս օր ձգելուց հետո, ասաց՝ ինչու ես վռազում, իբր իրեն ԵԿՄ վարչությունից դեկտեմբերի 25֊ին զանգել-ասել են՝ թղթերի ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչեւ 2018թ. կեսը, ասաց՝ վերադարձիր Երեւան, ինքը կգրի, հաստատել կտա եւ կուղարկի։

Անցան օրեր, զանգիս պատասխանում է՝ «դեռ հանձնաժողովի տղաներին չի կարողանում հավաքել», հարցիս՝ «ե՞րբ կարող է կազմակերպել», պատասխանում է՝ «ստույգ ոչինչ չի կարող ասել»։

Խնդրում եմ Ձեզ, Ձեր հանձնարարությունը համապատասխան ընկերներին պարզելու՝ որն է չկամ մարդկանց կողմից իմ հանդեպ ցուցաբերվող ոչ հարգալից, անտարբեր վերաբերմունքի պատճառը։

 

ՇԱՀՈ ՄԱՄՅԱՆ

ԵԿՄ Էրեբունի բաժանմունքի անդամ

 

Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանն «Առավոտի» հետ զրույցում չհիշեց, թե ինչ բովանդակության բնութագիր է տվել, նա ասաց, թե հանձնաժողովը եթե հավաքվի, այդ ժամանակ կպարզվի, թե Մամյանը ինչ մասնակցություն է ունեցել ինքնապաշտպանությանը: Նա նաեւ ասաց, թե հավանաբար բնութագիրը տվել է կապված նրա առողջական վիճակի հետ, ինչ-որ առումով խղճացել են 78-ամյա Մամյանին: Մինչդեռ, ըստ բնութագրի, «Մամյանն անհրաժեշտության դեպքում ծառայություն է կատարել դիրքերում, անդամագրվելով «Գվարզին» ինքնապաշտպանական ջոկատին, մինչեւ պատերազմում հայերիս վերջնական ավարտը»:

Համայնքի ղեկավարի տված երկրորդ բնութագրի համաձայն էլ, 1990-94թթ.  Մամյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Կոթի գյուղի սահմանների պաշտպանությանը: Հայրենանվեր գործերի համար վայելում է համագյուղացիների սերն ու հարգանքը:

«Գյուղը մնացել է Մելիքյանների հույսին»,- ասում է անտարբերությունից  վիրավորված Շ. Մամյանը, նաեւ ասում է, թե մինչ օրս որեւէ բանից չի օգտվել:

«Առավոտ»

17.03.2018 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031