Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Հայրապետյան. «Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիան պետականորեն ճանաչվել է լավ աշխատանքի շնորհիվ»

Մարտ 19,2018 12:00

Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ոստիկանության մարտական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը ֆեդերացիայի խորհրդի նիստում ամփոփեց 2017 թվականին կատարված աշխատանքները, ֆեդերացիայի մարզիկների ձեռք բերած նվաճումները եւ ներկայացրեց ընթացիկ տարվա օրացուցային պլանով նախատեսված ֆեդերացիայի անելիքները:

«2017 թվականին Հայաստանի քիկ-բոքսինգի ազգային ֆեդերացիան կազմակերպել է Հայաստանի չորս առաջնություն՝ մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների, որոնց արդյունքներով ձեւավորվել են հավաքականների կազմերը: Ուկրաինայի Խարկով քաղաքում մեր մարզիկները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը եւ նվաճել երկու ոսկե ու երեք բրոնզե մեդալ: Աթենքում անցկացված աշխարհի առաջնությունում մեր պատանիների հավաքականն արժանացել է երկուական արծաթի եւ բրոնզի: Հայաստանի քիկբոքսյորները մասնակցել են նաեւ միջազգային մրցաշարերի: Թբիլիսիից մեր մարզիկները վերադարձան երկու ոսկե մեդալով: Բաթումում անցկացված VPK վարկածով աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեցինք հինգ ոսկե, երկու արծաթե, Եվրոպայի գավաթի խաղարկությունում (Թբիլիսի)՝ երեք ոսկե մեդալ, իսկ Անապայում WAKO վարկածով աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելով 18 մարզիկով՝ նվաճեցինք երեք ոսկի, երկու արծաթ եւ յոթ բրոնզ:


Սա մեր ֆեդերացիայի համախմբված աշխատանքի ընդհանուր գնահատականն է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: 2017 թվականի արդյունքներն ամենաբարձրն են եղել ֆեդերացիայի գործունեության 25 տարիների ընթացքում: Ֆեդերացիայի գործունեությունը նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է այն բարձր գնահատել՝ Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիան պետականորեն ճանաչելով որպես մարզաձեւ եւ ընդգրկելով պետական աջակցություն ստացող մարզաձեւերի շարք, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում սպորտի պետական կառույցին:

Մեր օրացուցային պլանը խիստ հագեցած է լինելու նաեւ 2018 թվականին: Կրկին կազմակերպելու ենք բոլոր տարիքային խմբերի հանրապետության առաջնություններ: Մարտի 23-24-ին արդեն նախարարության հետ համատեղ կազմակերպելու ենք քիկ-բոքսինգի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի դիպլոմների վրա լինելու է նաեւ նախարար Հրաչյա Ռոստոմյանի ստորագրությունը: Սա մեր աշխատանքը գնահատելու վկայությունն է: Առաջնության հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքական եւ կնախապատրաստվեն մրցաշրջանի կարեւոր մեկնարկներին, մասնավորապես՝ մայիսին Ուկրաինայում կայանալիք VPK վարկածով աշխարհի առաջնությանը: Պատանեկան հավաքականն իր հերթին Հունաստանում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Օրացուցային պլանը բոլորդ ունեք: Այնպես որ, 2018 թվականին ազատ ժամանակ չենք ունենալու, աշխատելու ենք լրիվ ծանրաբեռնվածությամբ», – ասաց ֆեդերացիայի նախագահը:

Գառնիկ Հայրապետյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիան հանրապետության տարածքում ունի 42 դպրոց, որոնցից 16-ը՝ Երեւանում եւ որ բոլորում էլ աշխատում են ֆեդերացիայի կողմից լիցենզավորված մարզիչներ: Նա խորհրդին առաջարկեց ստեղծել Երեւան քաղաքի քիկ-բոքսինգի ֆեդերացիա եւ հորդորեց նախագահ ընտրել վաստակաշատ մարզիչ Արամայիս Հայրապետյանին: Առաջարկը քվեարկությամբ ընդունվեց: «Հատուկ ուզում եմ նշել, որ Երեւան քաղաքի քիկ-բոքսինգի ֆեդերացիան գործելու եւ առաջնորդվելու է միայն ու միայն Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիայի կանոնադրությունով: Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիան համաշխարհային մի քանի հեղինակավոր ասոցիացիաների՝ WAKO-ի, VPK-ի, ISKA-ի անդամ է եւ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մենք իրավունք ունենք մասնակցելու աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Եվ Երեւանի ֆեդերացիայի մարզիկները դրանց մասնակցելու իրավունք կունենան միայն ազգային ֆեդերացիայի համաձայնության դեպքում», – հայտարարեց ֆեդերացիայի նախագահը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

17.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031