Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. Տվեք ՀՅԴ-ի տեղերը

Մարտ 19,2018 11:17

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի նախագիծը`ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին: Խոսքը վերաբերում է հանձնաժողովներում`պատգամավորների ներկայացվածությանը: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ խորհրդարանում կարող են ստեղծվել մինչեւ 12 հանձնաժողովներ: Հանձնաժողովների քանակը որոշվում է ԱԺ խորհրդի առաջին նիստում: Այժմ 9 հանձնաժողով կա խորհրդարանում: Կա նաեւ սահմանափակում` պատգամավորին արգելվում է մեկից ավելի հանձնաժողովներում ընդգրկված լինել, ինչպես նախկինում էր:

ՀՅԴ-ն յոթ պատգամավոր ունի եւ գործող 9 հանձնաժողովներում, ըստ Արմեն Ռուստամյանի, խմբակցությունը չի կարողանում ներկայացված լինել բոլոր հանձնաժողովներում ու արդյունավետ աշխատել: Ինքն առաջարկում է`ՀՅԴ-ի համար տեղեր ավելացնել եւ հնարավորություն տալ ներկայացված լինել բոլոր հանձնաժողովներում: Այս առաջարկը մեկ անգամ դրել է շրջանառության մեջ, քննարկվել է շատ, հանվել, հիմա լրամշակված նորից է ներկայացվել:

Այդ ընթացքում ՀՅԴ-ն դիմել է նաեւ նախագահին կից սահմանադրական-խորհրդակցական մարմնին`ասել են մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների համամասնությամբ: «Այսինքն, դա վերաբերում է յուրաքանչյուր առանձին հանձնաժողովին: Որովհետեւ մեզ մինչեւ հիմա ասում էին, որ եթե փոքր խմբակցությամբ ներկա եք լինում բոլոր հանձնաժողովներում, այդ համամասնությունը խախտվում է: Իհարկե, դա աբսուրդ է, որովհետեւ այսօր 9 հանձնաժողովից ցանկացած 7-ում կարող ես ներկա գտնվես, որեւէ մեկը չի կարող ասել`հենց այս յոթում պետք է ներկա լինես: Եթե համամասնությամբ պետք է բաշխվեն հանձնաժողովում տեղերը, որեւէ խմբակցության համամասնությունը զրո լինել չի կարող: Բացի այդ, խորհուրդը գտնում է, որ Սահմանադրությունը որեւէ արգելք չի նախատեսում պատգամավորներին`մեկից ավելի հանձնաժողովում ընդգրկվելու համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը`հավելելով`ապագայում էլ եթե պահպանելու ենք այս վիճակը, ապա առաջին նիստին պետք է հանձնաժողովների թիվը որոշենք նվազագույն խմբակցության թվով, որ բոլորը կարողանան մասնակցել խորհրդարանի աշխատանքին:

«Գլխավոր հարցը հետեւյալն է`խմբակցությունը տուժում է, որ ներկայացված չէ բոլոր հանձնաժողովներում: Գիտության-կրթության հանձնաժողովում առաջարկություն ենք ներկայացնում, քննարկվում է ու չի անցնում հենց այդ մեկ ձայնի պատճառով. էդ հանձնաժողովում մենք ձայն չունենք: Խմբակցությանն ընտրության առաջ դնել`որ հանձնաժողովն է կարեւոր որը`ոչ, ի սկզբանե խնդիր ենք ստեղծում: Կարեւոր չէր`չստեղծեինք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031