Ռուսաստանում քվեաթերթիկների 99.81 տոկոսի հաշվարկով Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 76.67 տոկոսը, որը ռեկորդ է նրա երկարատև քաղաքական կարիերայում, հաղորդում է BBC-ն:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Պուտինի օգտին քվեարկել է ավելի քան 56 մլն մարդ: 2000թ. նա ստացել էր ձայների 52.94 տոկոսը (39.74 մլն մարդ), 2004թ.՝ 71.31 տոկոսը (49.563 մլն մարդ), իսկ 2012թ. նրա արդյունքը կազմել էր 63.6% (45.602 մլն մարդ):
Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը հավաքել է ձայների 11.79 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5.66 տոկոս:
Լրագրող Քսենյա Սոբչակը ստացել է ձայների 1.67 տոկոսը, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին՝ 1.04 տոկոսը, մյուս թեկնածուները չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը:
Քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 67 տոկոսը: Այդ ցուցանիշն արդեն գերազանցել է նախորդ նախագահական ընտրությունների համապատասխան ցուցանիշը (65.3 տոկոս), սակայն չի հասել 70 տոկոսի, որը Կրեմլում չափանիշ էին համարում:
Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկության մասնակիցների թիվը երբեք չի հասել 70 տոկոսի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ