Ես կամավոր միացել եմ պարտադիր կենսաթոշակային համակարգին: Կասեք, բայց չէ՞ որ բոլորը դեմ էին, որ իրենց աշխատավարձերից պահումներ արվեն, քանի որ վստահ չեն, թե այդ գումարները կվերադարձվեն իրենց կամ չի կրկնվի այն, ինչ եղավ խորհրդային Խնայբանկի խնայողությունների հետ:
Այդ ամենը ես գիտեմ, ու բոլոր այդ մտահոգությունները հրապարակել ենք «Առավոտում»:
Սակայն այս ընթացքում մի քանի իրադարձություններ եղան, որոնք ազդեցություն ունեցան այդ համակարգին կամավոր միանալու իմ որոշման վրա: Դրան «պարտադիր, բայց ոչ պարտադրված» միացած իմ ծանոթներից շատերն արդեն իրենց հաշվետվություններում բավական կլորիկ գումարներ ունեն: Ոմանք էլ, որոնք հեռացել են Հայաստանից եւ այլ երկրի քաղաքացիություն ստացել՝ այդ գումարները վերցրել են իրենց հետ:
Բայց վերջնական որոշումս կայացրի այն բանից հետո, երբ պաշտոնական մի ճաշի ընթացքում նստել էի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի կողքին: Նրա հետ բավական հանգամանալից զրույց ունեցանք նաեւ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին:
Որոշմանս համար վճռորոշ գործոնները, մասնավորապես, երկուսն էին: Նախ՝ այնքան էլ խելամիտ չէ չօգտվել թոշակիդ համար կուտակելու հնարավորությունից, երբ մինչեւ հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում 1964-1974թթ ծնվածների համար պետությունը ամեն ամիս կրկնապատկում է վճարումները: Ու հնարավոր է, որ 63-ից հետո միանգամից երկու կենսաթոշակ ստանաս` պետական բաշխողական և կուտակային:
Երկրորդ գործոնն առնչվում է վստահությանը: Կարճ ասեմ՝ Հայաստանում գործունեություն ծավալող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները միջազգային ավելի բարձր հեղինակություն ունեն, քան մեր երկիրը, ու դժվար թե հանուն այս փոքր շուկայի նրանք վտանգեն այն:
Որոշումը կայացնելը գործի կեսն էր: Հետո երկար ժամանակ չէի կարողանում պարզել, թե ինչպես պետք է արվի դա: Հարկայինն ուղղորդում էր դեպի կենտրոնական դեպոզիտարիա, այնտեղ ինձ նայեցին լայն բացված աչքերով՝ չիմանալով, թե ինչի մասին է խոսքը: Մի քիչ էլ հասկանալի է՝ շատ-շատերը չէին ուզենա այս համակարգին անգամ պարտադիր միացած լինել, քանի որ ամիսը 10-25 հազար դրամը գուցե ավելի էական է, քան հեռավոր ապագայում ստանալիք բարձր կենսաթոշակը:
Ի վերջո, մի շաբաթ առաջ, երբ աչքովս ընկավ համակարգին միանալու մասին «Եղիր արտոնյալ» գովազդը՝ ջղային մի գրառում թողեցի Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի ֆեյսբուքյան էջում, թե ոչ ոք տեղյակ չէ՝ ինչպես է հնարավոր այս համակարգին միանալ կամավոր՝ ուստի հետագա վազվզոցի հավես չունենալով, դադարեցրել եմ:
Այ շարունակությունն ավելի հետաքրքիր էր: Զանգ ստացա Կենտրոնական բանկից, թե Ներսես Երիցյանը պատրաստ է ուղեկցել ինձ՝ միասին ներկայացնենք կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում հաշվի օպերատոր որեւէ բանկում: Միայն այդ տեսարանը տեսնելու համար, թե ինչ կկատարվի, երբ ԿԲ նախագահի տեղակալը մտնի որեւէ բանկ՝ համաձայնեցի:
Անհրաժեշտ վերապահում՝ ինքս եմ դիմումը ներկայացրել կամավոր միանալու մասին, պրն Երիցյանը փոքր ինչ հեռվում սպասում էր:
Բայց այն, ինչ կատարվեց բանկում, երբ նա մուտք գործեց՝ ավելին էր, քան ակնկալում էի: Մի կողմ թողնենք, որ բանկի աշխատակիցները ակնհայտորեն զարմացած էին, որ նա մտել էր իբրեւ սովորական այցելու: Զավեշտն այն էր, որ երբ մոտեցավ պատուհանիկին՝ իր հաշվետվությունը ստանալու համար (պրն Երիցյանն ի սկզբանե է կամավոր միացել այս համակարգին) աշխատեց տագնապի ազդանշանը ու բոլորիս դուրս հրավիրեցին բաժանմունքից՝ մեզ կատակների տեղիք տալով, թե թաքցնում էին այն փաստաթղթերը, որոնք չէին ուզենա, որ տեսներ վերահսկող մարմնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Մի խոսքով, եթե հանկարծ ինչ որ մեկին հետաքրքրի իմ այս փորձը՝ արդեն կիմանաք, թե ինչ է պետք անել, ուր է պետք դիմել՝ սա լուրջ: Իսկ կեսկատակ ասեմ, թե այ, մի բան նախընտրելի չի անել՝ մի ճաշեք Ներսես Երիցյանի հարեւանությամբ. դրանից հետո դուք ինչ որ բանի միանում եք, որի հետեւանքով ձեր աշխատավարձից պահումներ են արվում:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ