ՌԴ-ում նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու եւ այժմ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի դիտորդներն արձանագրել են շուրջ 200 խախտումներ այսօր ընթացող ընտրությունների ժամանակ:
Այս մասին հայտնում է ria.ru-ն: Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարն, ըստ նույն աղբյուրի, ասել է, որ արձանագրված այդ խախտումները չեն պատրաստվում փոխանցել կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Մենք ունենք բավարար առիթ, որպեսզի դիմում-բողոք հղենք թեկնածուների դեմ, բայց մենք հավատարիմ ենք մեր քաղաքական ոճին եւ մենք չենք բողոքի: Սա մեր որոշումն է»,-ասել է Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինի նախընտրական շտաբի դիտորդները բացահայտել են բազմաթիվ «ֆեյք» խախտումներ այս ընտրություններում, այդ թվում նաեւ Մոսկվայում քվեաթերթիկների լցոնումների առնչությամբ:
Նշենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու դիտորդական շտաբն արձանագրել է բազմաթիվ ընտրախախտումներ եւ ընտրակեղծիքներ. մեծ թվով մարդկանց են տանում ընտրատեղամասեր,նրանց ուղղորդում են քվեարկելիս, լցոնումներ են լինում:
Նշենք, որ ուղիղ 20.00-ին ընտրություններն, այսպես ասած, ավարտվում են, եւ ընտրատեղամասերը պետք է փակվեն: Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունն, ըստ դիտորդների, բավականին բարձր է, անգամ Ռուսաստանից դուրս՝ արտերկրում տեղակայված ընտրատեղամասերում մարդիկ հերթ են կանգնում քվեարկելու համար:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ընտրություններին առաջադրվել են նախագահի 8 թեկնածուներ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Բաբուրինը՝ «Ռուսական համազգային միություն», Քսենյա Սոբչակը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն», Մաքսիմ Սուրայկին՝ Ռուսաստանի կոմունիստներ», Բորիս Տիտով՝ «Աճի կուսակցություն», Գրիգորի Յավլինսկին՝ «Յաբլոկո» կուսակցություն, Պավել Գրուդինին՝ «Կոմունիստական կուսակցություն», Վլադիմիր Ժիրինովսկի՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ