Ռուսաստանի Դաշնությունում այսօր նախագահական ընտրությունների ժամանակ որոշ խախտումներ են արձանագրվել: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ՌԴ-ի տարբեր շրջաններից դիտորդները հայտնում են ընտրախախտումների մասին: Այս լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արձանագրվել են մեծ թվով քաղաքացիների ուղղորդում ընդտրատեղամասեր, հատկապես պետական հատվածի աշխատողների, նաեւ արձանագրվել են լցոնումներ, դիտորդներին արգելել են մտնել ընտրատեղամասեր:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության՝ Մոսկվայում որոշ ընտրատեղամասերում մինչ քվեարկությունը քվեատուտուփում նկատվել են քվեաթերթիկներ, նույնպիսի դեպք է գրանցվել նաեւ Հարավային Սախալինում: ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ի պատասխան հայտնել են՝ ընտրական հանձնաժողովների անդամները, դիտորդներն ու ոստիկաններն են արդեն քվեարկած եղել: Քվեաթերթիկների լցոնում է եղել նաեւ Դեպուտատսկիյ ավանում եւ Յակուտիայում: Նկատեվել է նաեւ քարոզչություն հօգուտ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի:
Շատ ընտրատեղամասերերին հարակից հատվածում բացվել են տոնավաճառներ, որտեղ 20% էժան ապրանք է վաճառվում: Սա դիտարկվում է որպես մարդկանց ընտրություններին ներգրավվելու եւ ուղղորդելու միջոց:
Ռուս ըննդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դիտորդական շտաբից հայտնել են, որ Մոսկվայի մի ընտրատեղամասի մոտ արդեն քվեարկած քաղաքացիներին զեղչի կտրոններ են բաժանում սննդի եւ ոսկերչական իրերի համար:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ընտրություններին առաջադրվել են նախագահի 8 թեկնածուներ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Բաբուրինը՝ «Ռուսական համազգային միություն», Քսենյա Սոբչակը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն», Մաքսիմ Սուրայկին՝ Ռուսաստանի կոմունիստներ», Բորիս Տիտով՝ «Աճի կուսակցություն», Գրիգորի Յավլինսկին՝ «Յաբլոկո» կուսակցություն, Պավել Գրուդինին՝ «Կոմունիստական կուսակցություն», Վլադիմիր Ժիրինովսկի՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»: ՌԴ-ում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար տանող, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին չի մասնակցում այս ընտրություններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների խումբ է մեկնել Ռուսաստան՝ որպես դիտորդ հետեւելու ընտրություններին: Դիտորդական առաքելությամբ Սանկտ-Պետերբուրգում գտնվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում վստահեցրել է՝ որեւէ թերություն եւ խախտում չեն արձանագրել:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ