Ռուսաստանի Դաշնությունում այսօր նախագահական ընտրություններ են:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, որը դիտորդական առաքելությամբ գտնվում է ՌԴ-ի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, ասաց, որ ՌԴ քաղաքացիները մեծ ակտիվությամբ մասնակցում են ընտրություններին:
«Մեր կողմից որեւէ թերություն կամ Ռուսաստանի ընտրական օրենսդրության հետ անհամապատասխանություն չի արձանագրվել»,-ասաց Մելիքյանը:
Նրա ներկայացմամբ՝ ընտրություններին հետեւում են տեղական դիտորդական մեծ թվով կազմակերպություններ. «Այն տեղամասերում, որտեղ մենք եղել ենք, այս դիտորդներն ու թեկնածուների վստահված անձինք որեւէ բողոք-դիմում չեն ներկայացրել այս պահին: Դիտարկման գործընթացը շարունակում ենք»: Մելիքյանն ասաց, որ առայժմ եղել են Սանկտ-Պետերբուրգի 25 ընտրատեղամասում, նախատեսվում է այս քաղաքի եւ Լենինգրադի մարզի ընդհանուր 60 ընտրատեղամաս այցելել:
Մեր այն հարցին՝ որ ընդդիմադիրները հայտարարում են, որ կուտակումներ են, մեծ թվով մարդկանց ուղղորդումներ կան դեպի ընտրատեղամասեր, Մելիքյանը պատասխանեց. «Չկա նման բան, համենայն դեպս այն տեղամասերը, որտեղ մենք այցելել ենք՝ որեւէ նման դեպք չենք արձանագրել, եւ չենք էլ նկատել, այս պահին որեւէ խախտում չենք արձանագրել: Այն տեղամասերում, որտեղ մենք եղել են, թե վստահված անձինք, թե դիտորդները խախտումներ չեն արձանագրել»:
Նշենք, որ ՌԴ-ում ընտրություններին առաջադրվել են նախագահի 8 թեկնածուներ:
Նրանք են՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ինքնառաջադրվել է: ՌԴ նախագահի թեկնածուներից են Սերգեյ Բաբուրինը՝ «Ռուսական համազգային միություն», Քսենյա Սոբչակը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն», Մաքսիմ Սուրայկին՝ Ռուսաստանի կոմունիստներ», Բորիս Տիտով՝ «Աճի կուսակցություն»: «Յաբլոկո» կուսակցությունից առաջադրվել է Գրիգորի Յավլինսկին: Մյուս թեկնածուներն են՝ Պավել Գրուդինին՝ «Կոմունիստական կուսակցություն», Վլադիմիր Ժիրինովսկի՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ ՌԴ-ում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարող Ալեքսեյ Նավալնին չի մասնակցում այս ընտրություններին, սակայն նրա կողմից ներկայացված դիտորդներն ընտրատեղամասերում հետեւում են գործընթացին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Պարոն Մելիքյանին ես հավտում եմ, եթե ասում է ուրեմն այդպես էլ կա։