Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներն ու ագրեսիվ տեղեկատվությունը

Մարտ 18,2018 16:35

Ագրեսիվ տեղեկատվությունն ամենամեծ ազդեցությունն է ունենում երեխաների վրա: Դրանից լիովին խուսափել չի հաջողվի, սակայն վերահսկողությունը կարող է նվազեցնել կամ չեզոքացնել ազդեցությունը: Անհրաժեշտ է, որ երեխաները դեռ դպրոցից դառնան տեղեկատվության գրագետ սպառողներ և կարողանան տարանջատել դեղին մամուլը: Պետք է լինեն նաև տարիքային սահմանափակման հստակ չափորոշիչներ, որոնք ձևական բնույթ չեն կրի: Հոգեբան Լիլիթ Թովմասյանը անդրադարձել է խնդրին:

-Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում ագրեսիվ տեղեկատվությունը լսարանի վրա և հիմնականում երեխաների:

-Պետք է նշել, որ և՛ մեծահասակների, և՛ փոքրերի վրա բավականին բացասական ազդեցություն է ունենում այն ինֆորմատիվ դաշտը, որը մենք այժմ ունենք: Դրանք համակարգչային խաղերն են, ֆիլմերը, մուլտֆիլմերը, տեղեկատվական նյութերը և այլն: Ի  տարբերություն մեծահասակների՝ փոքրահասակներն ավելի տուժող խումբ են համարվում, քանզի նրանք զերծ են ինքնակառավարման համակարգից և  բանականությունը ավելի թույլ է զարգացած: Նրանք կարծես կրկնօրինակում են այն, ինչ տեսնում են էկրանից այն կողմ: Որպես հեղինակություն ընտրում են որոշակի հերոսներ, լինեն դրանք համակարգչային խաղերից, ֆիլմերից, թե մուլտֆիլմերից:

– Ի՞նչն է տպավորվում երեխաների մոտ:

-Մարդը հակված է ավելի շատ ընկալել բացասական ինֆորմացիան, այդ թվում նաև երեխաները, որոնք զերծ են վերլուծելու ընդունակությունից: Պատահական չէ, որ այժմ սրվել են մանկական վախերը, որոնք  նույնիսկ կարող են հոգեկան հիվանդություններ առաջացնել:

 -Ինչի՞ կարող է հանգեցնել բացասական ինֆորմացիայի մեծ չափաբաժինը:

-Այդ ամենը կարող է բերել երեխայի մոտ կրիտիկական վարքի դրսևորման: Օրինակ, երեխան, կրկնօրինակելով մուլտֆիլմի հերոսին, վեցերորդ հարկից փորձել է թռչել և այլն: Իհարկե, դրանք բացասական ելքեր ունենում են: Այստեղ շատ կարևոր է ծնողի զգոնությունը, և ծնողի ու մասնագետի ուշադրությունը այն հարցին, թե ստացված տեղեկատվությունը ինչպես կներկայացվի երեխային: Ծնողի մեկնաբանությունը և միջամտությունը կարող է ավելի դյուրին մարսելի դարձնել ինֆորմացիան:

-Ե՞րբ է անհրաժեշտ ծնողի միջամտությունը:

-Եթե երեխան դիտել է և շատ  տպավորվել, սակայն դա որպես սուր վախ չի դրսևորվում, որը կխաթարի բնականոն կյանքը, ապա կարծում եմ, որ ծնողի մեկնաբանությունը, միասին դիտումը դրական ելքեր կունենա: Եթե երեխան բավականին տպավորվող և ներշնչվող է, դիտել է, ունի գիշերային մղձավանջեր, չի կարողանում կենտրոնանալ, կատարել դասերը կամ հաճախել մանկապարտեզ և այլն, ապա տվյալ դեպքում կարևոր է մասնագետի միջամտությունը:

-Ինչպիսի՞ն են այսօրվա մուլտֆիլմերը:

-Պետք է նշել, որ ներկայումս մուլտֆիլմերից ստացված ագրեսիան շատ ավելի շատ է դրսևորվում: Դա պայմանավորված է նաև նրանով, որ այսօրվա մուլտֆիլմերը բավականին տարբերվում են խորհրդային շրջանի մուլտֆիլմերից: Եթե նախկինում մուլտֆիլմերի հերոսներն ավելի իրական էին, ապա տվյալ դեպքում հերոսներն ավելի հորինված են: Սարդ մարդը, թևերով աղջիկները և ռոբոտները մերօրյա մուլտհերոսներն են: Էս դեպքում երեխան ավելի է շփոթության մեջ ընկնում, չի կարողանում տարբերել իրականության և երևակայության սահմանը:

-Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ  իրականությունը երևակայությունից չտարբերելը:

-Հոգեբան Սիրանուշ Անտոնյանը եկել է  այն եզրահանգմանը, որ սա բերում է «համակարգչային համախտանիշ» ասվածին: Երեխան կարծես կտրվում է իրականությունից և կարող է դրսևորել սիմպտոմներ, որոնք նույնիսկ փորձառու մասնագետները շփոթում են աուտիզմի դրսևորումների հետ: Երեխան կտրված է կենդանի շփումից, նա ունակ չէ մտածել, զարգացած չեն շփման հմտությունները, որովհետև նա սովոր է ընկղմվել համակարգչի մեջ, վիրտուալ աշխարհում և որոշակի սեղմակների միջոցով կառավարել այս կամ այն իրավիճակը: Պետք է ծնողը զգոն լինի և կարողանա վերահսկել երեխայի` համակարգչի կամ հեռուստացույցի առաջ եղած ժամանակը: Շատ կարևոր է, որ ծնողը միջնորդ լինի ինֆորմացիան մարսելու համար:

Լիլիա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031