Այսօր Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններ են:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Կիեւոմ, Օդեսայում եւ Լվովում ռուս քաղաքացիներին թույլ չեն տալիս մասնակցել քվեարկությանը:
Լվովում ուժայինները ցանկապատել են ՌԴ-ի հյուպատոսությունը, որտեղ ընտրական տեղամաս է գտնվում: Իրավապահները հայտնել են, որ այս ընտրատեղամաս թույլ են տալիս մտնել հյուպատոսության աշխատակիցներին: Հյուպատոսության մոտ «Ազգային կորպուս» շարժման ներկայացուցիչները վրաններ ու բարելներ են տեղադրել:
ԶԼՄ-ները հայտնում են, որ նախօրեին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է՝ մարտի 18-ին ոստիկանները թույլ չեն տալու ռուսներին մտնել դիվանագիտական կառույցների շենքեր՝ քվեարկության համար, քանի որ Ուկրաինան ՌԴ ընտրությունները համարում է անօրինական՝ կապված Ղրիմի խնդրի հետ: ՌԴ-ն իր հերթին Ուկրաինայի այս վարքագիծը համարում է միջամտություն այլ պետության գործերին:
ԵԱՀԿ գրասենյակն, ըստ ՌԴ-ի ԿԸՀ-ի, կոչ է արել Ուկրաինային պահպանել ռուս քաղաքացիների ընտրական իրավունքը:
Ռուսական լրատվամիջոցներից՝ tvrain.ru-ն հայտնում է՝ ՌԴ-ի իշխանությունները, ինչպես սպասվում էր, ընտրատեղամասերում տոնական մթնոլորտ են ստեղծել: Ըստ նույն աղբյուրի՝ ընտրական տեղամասերում հնչում է ուրախ եւ հայրենասիրական երաժշտություն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մռայլ դեմքերով տասնյակ մարդիկ առավոտյան ժամը 8.00-ից կազմակերպված ձեւով գնում են քվեարկության:
Առավոտից ընտրական տեղամասերում մարդկանց կուտակումներ են, անգամ ընտրատեղամասից դուրս՝ փողոցներում հերթեր են: Ըստ նշված լրատվամիջոցի՝ դիտորդները փոխանցում են, որ բազմության ընտրատեղամասեր են այցելում հատկապես այլ քաղաքի բնակիչները՝ բնակության վայրի հաշվառման կտրոններով:
Հայտնում են, որ ընտրատեղամսերից մեկում առավոտից մեծ թվով զինվորականներ են այցելել՝ քվեարկելու: Մեկ այլ ընտրական տեղամասում էլ պետական հատվածի աշխատակիցը դիտորդին հայտնել է, որ իրեն ասել են, եթե չմասնակցի ընտրություններին, աշխատավարձից կզրկեն:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ