Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց զբոսայգու հետ (պատմվածք)

Մարտ 18,2018 13:45

(Հարցազրույց երրորդ)

Նախորդ «Հարցազրույց երկու կանգառների միջև» պատմությունից երկու տարի է անցել, և ես որոշեցի այս անգամ հարցազրույց անցկացնել այդ կանգառների դիմացում գտնվող ոչ թե զուգահեռ կանգառների, այլ նրանց երկայնքով տարածված զբոսայգու հետ:

Առաջին կանգառին մոտ գտնվող ստորգետնյա անցումով, որի վերջնամասում ծաղկավաճառները այնքան ծաղկեփնջեր ու ծաղկամաններ էին շարել, որ հազիվ դուրս եկա դիմացի մայթ, ապա մի քիչ առաջ քայլելով՝ մտա զբոսայգի:

-Բարև զբոսայգի,-ասացի ես,-գիտեմ, որ հինգ տարի առաջ քեզ հիմնանորոգեցին, կարգի բերեցին, հիմա ի՞նչ վիճակում ես:

-Բարև,-ձմեռային անտարբերությամբ պատասխանեց զբոսայգին,-գարունը նոր է սկսվել, տարածքս էլ բավականին մեծ է, կդժվարանամ բոլոր հարցերիդ պատասխանել, ավելի լավ է դու շրջես իմ ճեմուղիներով և նրանցից ստանաս քո հարցերի պատասխանները:

-Ինչու՞ ես այդքան անտրամադիր:

-Մի քիչ նեղված եմ, արդեն գարունը մտնում է իր իրավունքների մեջ, բայց դեռ ինձ կարգին ուշադրություն դարձնող չկա:

-Ինչի՞ց ես, ընդհանրապես, դժգոհ:

-Նրանից, որ հինգ տարի առաջ այդքան ծախս կատարելուց և  հիմնանորոգելուց հետո անշնորհք մարդիկ սկզբում կոտրեցին գիշերային լուսավորության գրեթե բոլոր ապակե ջահերը և ես երկար ժամանակ մնացի խավարի մեջ, հետո մարդիկ եկան, դրանք փոխարինեցին նոր, ճկուն կառուցվածքի ջահերով, որ քարով կամ փայտով խփելիս չկոտրվեն, բայց տարիների ընթացքում դրանցից մի մասը վնասվել են, չեն աշխատում, չգիտեմ ջահերի ներսի լամպերն են փչացել, թե խնայողության համար անջատել են, հետո անհետացան աղբամաններից շատերը և չփոխարինվեցին նորերով, հետո անհետացան մի քանի  նստարաններ, հետո կոտրեցին և աղբանոց նետեցին նռան նման մեծ ծաղկամանը, չնայած նրան, որ այն ինձ այնքան էլ դուր չէր գալիս, շատ կոպիտ էր, հետո քչացան ծաղկամարգերը, հետո շատ տեղերում սալահատակի բետոնյա սալիկները դուրս եկան ու չփոխարինվեցին, ամբողջ զբոսայգին էլ կորած է չորացած տերևների ու զանազան անպետքությունների մեջ…

Տեսնելով, որ զբոսայգին բորբոքվեց՝ ցտեսություն ասացի և բարձրացա վերև ու մտա առաջին ճեմուղին, որի սկզբում գտնվող ցայտաղբյուրից մի քանի կում սառնորակ ջուր ըմպեցի՝ բացելով նրա փականը, որն անցյալ տարի է դրվել՝ ջրի խնայողության համար:

-Բարև առաջին ճեմուղի, ինչպե՞ս ես:

-Այնքան էլ գոհ չեմ իմ կյանքից, ճիշտ է սալահատակս գրեթե միշտ մաքուր են պահում, բայց  նստարաններիցս մեկը հանել, տարել են, աղբամաններս ամբողջովին վերացրել են, իսկ իմ ու երկրորդ ճեմուղու միջև գտնվող կանաչ տարածությունը ամբողջովին ծածկված է ծառերի չորացած տերևներով ու զբոսնողներն էլինչ ասես լցնում են այնտեղ՝  էլ ծխախոտի կոթուկներ, էլ կոնֆետի թղթեր, ցելոֆանե տոպրակներ, պլաստմասայից շշեր և զանազան անպետքություններ: Իսկ անցյալ տարվա տեղացած առատ ձյան պատճառով ծառերի կոտրտված ճյուղերը այդպես էլ կախ ընկած են մնացել, որոնք գցում են այգու տեսքը, նույն պատկերն է գրեթե բոլոր ճեմուղիների հարակից տարածքներում:

-Դե՛, արդեն գարուն է եկել, երևի պատասխանատուները կսկսեն վերանորոգումները, քաղաքի հոբելյանական տարին էլ պիտի նշենք-հուսադրում եմ նրան և բարձրանում դեպի երկրորդ ճեմուղի:

-Բարև երկրորդ ճեմուղի, ինչպե՞ս են գործերդ:

-Գրեթե նույն պատկերն է, ինչպես առաջինում տեսաք, լսում էի ձեր խոսակցությունը, միայն մի տարբերությամբ, որ իմ նստարանները բոլորը տեղում են և մի քիչ էլ բարձր եմ գտնվում առաջին ճեմուղուց:

-Բարի, բարձրանամ վերև,-ասում եմ ես ու շարունակում բարձրանալ դեպի հաջորդ երկու ճեմուղիների հետ զրուցելու: Գլխավոր ճեմուղում նկատում եմ, որ լուսավորության մի էլեկտրասյան վրա բացակայում են լուսավորության ջահերը իրենց ամրակներով:

-Բարև երրորդ ճեմուղի, դու ի՞նչ կասես քո մասին:

-Առանձնապես նոր բան չեմ ասի, ինչպես լսեցիք առաջին երկուսից, բայց իմ վիճակը քիչ ավելի վատթար է, քան առաջին երկուսինը, նստարաններիցս մեկը անհետացել է, սալահատակիս քարերից մի քանիսը կոտրատվել են, դուրս ցցվել, մի քանի տեղերում էլ փոսեր են առաջացել, աղբամաններս էլ բավականին ժամանակ է, որ անհետացել են:

-Լավ, քո վիճակն էլ պարզ է, բարձրանամ դեպի չորրորդ ճեմուղի, տեսնեմ այնտեղ ինչ է կատարվում:

-Բարև չորրորդ ճեմուղի, քեզ մոտ ինչպե՞ս է վիճակը,-հասնելով նրան հարցրեցի ես:

-Նույն վիճակն է, ինչպես նախորդող ճեմուղիներում տեսաք, միայն մի տարբերությամբ, որ ինձ մոտ մեկ աղբաման մնացել է, մեկ էլ ինձ մոտ շախմատի տուն կա, որտեղ տարեց տղամարդիկ գալիս ժամանակ են անցկացնում:

Թողնելով չորրորդ ճեմուղուն իր խնդիրների հետ, գլխավոր ճեմուղով բարձրանում եմ վեր:

Գլխավոր ճեմուղին հանդիսանում է այն եռանկյուն կազմող ճեմուղիների ներքնաձիգը, որի կողմերում նույնպես ճեմուղիներ են, նրանցից դեպի աջ էլ գտնվում է փոքրիկ մարզահրապարակ՝ իր մարզասարքերով:

Թեքվելով  դեպի աջ և աստիճաններով բարձրանալով դեպի վերև՝ հայտնվում եմ ընդարձակ հրապարակում: Աստիճաններին զուգահեռ ստեղծված է սայլակավոր քաղաքացիների պահանջներին համապատասխան թեք հարթակ, որտեղով երիտասարդ մայրիկները կամ խնդիրներ ունեցող սայլակավոր քաղաքացիները կարող են տեղաշարժ կատարել այգու մի հատվածից դեպի մյուս հատված:

-Բարև հրապարակ,-ասում եմ ես,-ներող կլինես, որ ուշացումով եմ եկել հարցազրույց անցկացնելու, հանգամանքները խանգարեցին, տեսնում եմ, որ բավականին բարետես կերպարանք ես ընդունել:

-Բարև,-պատասխանում է հրապարակը, ուրախ ժպիտով,-դե, իհարկե, համեմատելի չէ հինգ տարի առաջվա տեսքիս հետ, նստարաններ կան, աղբամաններն ամենից շատը այստեղ են, սալահատակը գույնզգույն է, որի վրա երեխաները հաճույքով խաղում են, անվաչմուշկներով սահում, բայց լավ կլիներ, որ կանաչ հարդարանք կամ շատրվանէլ ունենայի, ճիշտ է, այստեղ էլ ցայտաղբյուր կա, բայց շատրվանի հմայքն ուրիշ է: Հա, ասեմ նաև, որ այս հրապարակի ետևում դրված մեր արքայի հոյակապ արձանի շրջապատը որոշակի անհրապույր պատկեր ունի:

-Իսկ ի՞նչն է քեզ անհագստացնում:

-Թվարկեմ, մեր արքայի աջ ձեռքը կոտրված է, չգիտեմ տեղադրելուց առաջ է եղել, թե հետագայում, բայց այնպես են ձեռքը ցեմենտե շաղախով մարմնին կպցրել, որ նույնիսկ հեռվից աչքի է զարնում կոպիտ կցվածքը, արձանի մի քանի տեղեր նույնպես վերանորոգել են ցեմենտե կոպիտ շաղախով, պատվանդանի ձախ կողմից գրված գրության վրա ինչ-որ մեկը մուգ գույնի յուղաներկ է ցայտեցրել, և գրեթե ոչինչ չի կարդացվում, պատվանդանի աջ կողմում էլ՝ երկու երեք անիմաստ տառեր են դաջված այլ գույնի ներկանյութով, հետևի կողմից էլ, հատակին ծառի տերևներ և զանազան այլ աղբ է կուտակվել, պատի վրա էլ՝ տարօրինակ գրություններ ու անհասկանալի պատկերներ են խզբզել, բարձր ցանկապատի հետևում էլ անավարտ շինարարությունն է տեսարանը փչացնում:

-Երևի այս տարի վերանորոգողները քո նշած թերությունների վրա ուշադրություն կդարձնեն,-հուսադրում եմ ես հրապարակին ու դուրս գալիս ուղիղ գնացող ճեմուղին: Այստեղ նկատում եմ, որ թեք հարթակ չկա հրապարակից ճեմուղի դուրս գալու համար:

Այս ճեմուղու միջնամասի աջից առանձնացված կլորավուն փոքրիկ ծաղկատեղում երկու նստարան կա, որի մեջտեղում մի ժամանակ ծաղիկներ են աճեցրել, բայց  այս տարի այդպես էլ ամայի մնաց, փոքրիկ տարածքը շրջափակող մի քանի քարեր էլ պոկված են, իսկ հատվածի ձախ մասում, չգիտես ինչու, ճանապարհի եզրին գտնվող բանկի շենքը մետաղյա ցանկապատով շրջափակել են բավականին մեծ կանաչ տարածությամաբ: Ձախ մասում հսկայական էլեկտրասյունի վրա ամրացված է մետաղյա խոշոր արկղ, որը էլեկտրական ենթակայանի դեր է կատարում, որտեղից տասնյակ հաղորդալարերի սարդոստայնը ձգվում է դեպի զբոսայգին փողոցի կողմից ցանկապատող առևտրային «բուտիկները»՝ գցելով այգու տեսքը, նույնիսկ վտանգավոր դարձնում այն այցելուների համար: Հիշեցի, որ այդպիսի մի քանի էլեկտրասյուներ էլ կային զբոսայգու առաջին հատվածում:

Շարունակում եմ ճանապարհս դեպի առաջ և ճեմուղու աջ կողմում դեպի ներքև գնացող ճյուղավորման վերջում նկատում եմ կլորավուն հրապարակը, որտեղ երեխաները ավազով խաղ են անում, իսկ տարածքը շրջափակող մի քանի սալիկներ անհետացել են:

Քիչ այն կողմ, ձախից բվականին ընդարձակ հրապարակ է՝ իր խաղասարքերով՝ երեխաների ու մարզասարքեր՝ մեծահասակների համար:

-Բարև խաղահրապարակ,-ողջունում եմ ես:

-Բարև,-պատասխանում է:

-Ի՞նչ կասես քո մասին:

-Կուզենայի, որ երեխաների համար կարուսելներ տեղադրեին, միայն ճոճանակները քիչ են, հիմնականում մարզասարքեր են:

Հաջողություն եմ մաղթում խաղահրապարակին և կտրել անցնելով հրապարակի տարածքը՝  ճեմուղով թեքվում եմ դեպի աջ ու ներքև գնում:

-Բարև, արտասովոր ճեմուղի,-ասում եմ ես, ի՞նչ նորություն կա:

-Ես ամենահետաքրքիր ճեմուղին եմ, իմ երկու կողմերում նստարաններ են դրված, իսկ նրանց հետևի մասերում Հայաստանի տարբեր մարզերից բերված խոյատապաններ ու ձիատապաններ են գետնին ամրացված, ցավոք, նրանցից մեկի ցուցատախտակը անհետացել է և նորը չեն տեղադրում: Իսկ իմ ճեմուղու վերջնամասում աջից և ձախից դրված են հազվագյուտ ցլակերպ և ձկնակերպ վիշապաքարեր, որոնց համար շատ անգամ արտասահմանյան զբոսաշրջիկներ են հյուր գալիս ինձ,-հպարտացավ ճեմուղին:

Բարին մաղթելով այս ճեմուղուն ևս՝ հետ եմ վերադառնում և թեքվելով դեպի աջ՝ մտնում զբոսայգու վերջին ճեմուղին:

-Բարև ասում եմ նրան, այս ի՞նչ վիճակ է, յոթ նստարաններից չորսը  չկա, իսկ աղբամանները ամբողջովին անհետացել են:

-Հա, այդ նստարաններն արդեն վաղուց են անհետացել, մի քանի լակոտներ դրանք գողացել, տարել էին, հետո ոստիկանները հայտնաբերել տեղափոխել են չգիտեմ ուր, բայց վերջերս մեկը բերել դրել են տեղում, մնացածների ճակատագիրը ինձ անհայտ է մնում:

-Լավ, այսքան մանր-մունր թերություններ կան, բա, քաղաքպետարանից կամ թաղապետարանից  աշխատակիցներ չե՞ն գալիս, չե՞ն նկատում,-հարցնում եմ ես:

-Երևի գալիս են, բայց ես նրանց չեմ ճանաչում:

-Դե լավ, ամեն ինչ գրեթե պարզ է, գնամ հարցազրույցը խմբագրեմ, ուղարկեմ թերթերին, որ տպագրեն:

-Ներողություն, մի բան հարցնեմ,-խոսքս կտրում է վերջին ճեմուղին,-ձեր գրած հարցազրույցները քաղաքապետարանի կամ թաղապետարանի պաշտոնյա մարդիկ կարդում ե՞ն:

-Չգիտեմ, երևի կարդում են ու բանի տեղ չեն դնում,-ասում եմ ես ու հետ վերադառնում, հասնում  արքայի արձանով հրապարակ, որտեղից աստիճաններով ցած եմ իջնում դեպի տրամսպորտի կանգառ, իսկ աստիճանների վերջնամասի աջ  կողմի պատի վրա հանկարծ նկատում եմ ամրացված ցուցատախտակ, որի վրա գրված է, որ զբոսայգին վերանորոգվել է 2013 թվականին քաղաքապետի անմիջական նախաձեռնությամբ:

Ճիշտ է, այդ վերանորոգումից հետո այգին բավականին բարետես դարձավ, բայց հետագա հինգ տարիների ընթացքում կատարվեցին միայն կոսմետիկ վերանորոգումներ՝ նստարանների և աղբամանների ներկում, գիշերային լուսատուների վերանորոգում, անցյալ տարի աշնանն էլ հարյուրավոր երիտասարդ տնկիներ ավելացրին, բայց ջրեցին միայն մեկ անգամ տնկելուց՝ մնացածը թողնելով բնության հույսին:

Զբոսայգում շրջելիս ես մտածեցի, որ անհրաժեշտ է այգում տեղադրվեն նաև առևտրային փոքրիկ կրպակներ, կարուսելներ և երեխաներին հետաքրքրող այլ խաղեր, ինչպես մայրաքաղաքի շատ զբոսայգիներում և, ամենակարևորը, կառուցվեն հանրային զուգարաններ, քանի որ այս ընթացքում նկատեցի, որ երկու տարեց տղամարդիկ գնացին դեպի զբոսայգին շրջափակող գեղեցիկ պաստառների կողմը, նրա հետևում բավարարելու իրենց բնական պահանջները: Ի դեպ  «բուտիկները» զբոսայգու կողմից շրջափակող երևանյան պատկերներով պաստառները զգալի տարածքում չեն տեղադրվել, իսկ նրանցից մեկն էլ քամին պոկել է:

Մայթի անբողջ երկայնքով շարված «բուտիկների» դիմացով քայլում եմ դեպի ներքև ու մտածում, ինչու՞ է մեզ մոտ որևէ օբյեկտ վերանորոգումից հետո՝ անուշադրության մատնվում, և ժամանակին չեն վերացվում առաջացած փոքրիկ թերությունները, որոնք հետագա տարիներին ավելանալով՝ որակ են կազմում: Ինչ էլ որ անում են՝ կիսատ-պռատ, կոտրած, փչացրածը վերանորոգելու փոխարեն անհետացնում են:

Եվ, ամենակարևորը, անհարաժեշտ հսկողություն չի սահմանվում անբարեխիղճ քաղաքացիների նկատմամբ, որպեսզի բացառվեն այգում տեղադրված գույքի նկատմամբ ոտնձգությունները, իսկ անհրաժեշտության դեպքում էլ կիրառեն օրենքով նախատեսված  պատժամիջոցները:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031