Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ հաղթանակներ, աշխարհին՝ խաղաղություն

Մարտ 18,2018 12:00

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ասպարեզում Հայաստանն առավել հաջողություններ է արձանագրում, քան՝ Ադրբեջանը: Կարելի էր նաև տվյալ նախաբանը ձևակերպել հետևյալ կերպ. Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ասպարեզում շատ ավելի հավասարակշռված ու ինքնավստահ է հանդես գալիս, քան՝ Ադրբեջանը: Կարելի էր նաև այսպես. Ադրբեջանն  ու Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ասպարեզում վերջին մեկ տարում միջազգային ասպարեզում այնպիսի կոպիտ սխալներ ու անհեթեթություններ են թույլ տալիս, որ դրանից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ակնհայտորեն շահում են:

Ասածներս հիմնականում վերաբերում են վերջին մեկ տարվան: Բոլոր դեպքերում, չենք կարող պնդել ու ասել, թե սա մեր արտաքին քաղաքականության համար սովորական իրավիճակ է, և չենք կարող ասել, թե մենք նախորդ տարիներին նույնպես բանակցային գործընթացում էսպիսի ակնհայտ առավելություն ենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ: Կար ժամանակ, երբ մենք նույնպես դժգոհում էինք Մինսկի խմբի առաջադրած պահանջներից, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ Մինսկի խմբի պահանջներն ու առաջարկությունները ոչ մի դեպքում չեն կարող վնասակար լինել հաղթող կողմի համար, և խաղաղությունն էլ չի կարող հաղթած կողմի համար շահավետ չլինել:

Այս ամենն իր արտահայտությունն է գտնում նաև շփման գծում: Մենք, փաստորեն, ի տարբերություն Ադրբեջանի, շփման գծում ոչ թե ագրեսիա ենք հանդես բերում, այլ ընդամենը համարժեք պատասխանների ենք արժանացնում հակառակորդին:      Կարճ ասած, մենք հավատարիմ ենք հետևյալ իմաստուն կարգախոսին. եթե խաղաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի: Խաղաղություն ասացի, հիշեցի Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին ՀԱԿ-ի խաղաղասիրական քարոզարշավը: Ճիշտ է, ընտրողները չողջունեցին ՀԱԿ-ի մաքսիմալ խաղաղասիրությունը, բայց տոտալ ու ծայրահեղ քննադատության էլ չենթարկեցին առաջին նախագահի ղեկավարած դաշինքին ու նրա գերխաղաղասիրական կարգախոսը:

Ասածս այն է, որ դժվար է անգամ պատկերացնել, որ խաղաղասիրական շարժում կարող էր գոյություն ունենալ նաև Ադրբեջանում: Պարզապես տեռորի կենթարկեին տվյալ խաղաղասերներին: Բայց Հայաստանում ՀԱԿ-ը կա, գոյատևում է և առանձնապես ձեռ չի քաշել իր խաղաղասիրական հակումներից: Ձեռ չի քաշել, որովհետև, չնայած քաղաքացիական հասարակության կողմից քաջալերանքի ու համակրանքի չի արժանացել, բայցև չափից ավելի քննադատության ու հալածանքի էլ չի արժանացել:

Ավելին, չնայած քանակով քիչ, բայց քաղաքացիներ կան, որ ոչ միայն ՀԱԿ-ին տվյալ խաղաղասիրության համար չեն քննադատում, այլև միանգամայն համախոհ են ՀԱԿ-ի տվյալ գաղափարաբանությանը և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ էլ գնացել ու ընտրել են հենց ՀԱԿ-ին: Այսինքն, իրենք նույնպես կողմնակից են ՀԱԿ-ի խաղաղության գաղափարաբանությանը և գտնում են, որ այս պահի դրությամբ խաղաղությունը հենց մեզ է ձեռնտու:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանը, իր նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կորցրել է ամեն չափ ու սահման, և Ալիևն էլ վերջերս հայտարարել է, որ Երևանը հանդիսանում է Ադրբեջանի պատմական տարածք: Մտագարի այս հայտարարությունն էլ է վկայում, որ Ադրբեջանը, իր նախագահի գլխավորությամբ, կորցրել է ռեալության նույնիսկ ամենաչնչին զգացողությունը, և եթե ասենք, որ հակամարտության ասպարեզում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ միջազգային կազմակերպությունների՝ վերջին ամիսներին նկատվող համակրանքը նաև ադրբեջանցիների ու անձամբ Ալիևի հիմարագույն հայտարարությունների արգասիքն է, առանձնապես սխալված չենք լինի:

Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ հակամարտության՝ վերջին ամիսներին միջազգային ասպարեզում արձանագրվող համեմատական հայամետ ընթացքը նաև Ադրբեջանի և Ադրբեջանի ղեկավարության արտաքին կարճատես քաղաքականության արդյունք է:

Մեր խաղաղասիրության մասին խոսելով՝ կրկին ուզում եմ նշել, որ մեր խաղաղասիրությունն ուժեղի ու հաղթողի համար միանգամայն բնական վիճակ է, ինչպես որ բնական է թույլի ու պարտվածի ագրեսիվությունն ու կռվազանությունը:    Մեզ՝ ուժ ու հաղթանակներ, աշխարհին՝ խաղաղություն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031