Մարտի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության չորրորդ նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական կողմը ներկայացնում են ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հայկ Մարգարյանը:
Մարտի 17-ին դատարանում ցուցմունք տվեց քրեական գործով տուժող, Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Ժորա Սիմոնյանը: Վերջինս չի աշխատում: Նա, պատասխանելով դատավոր Զոյա Զաքինյանի հարցին, ասաց, որ 2017թ. հոկտեմբերի 4-ի դեպքից հետո ինքը թշնամություն ունի Գ. Մարդանյանի հանդեպ: Նա հայտնեց, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին իրեն եւ իր եղբայր Վահրամին ոստիկանության Իջեւանի բաժին են տարել, ուր թիվ 32 աշխատասենյակում քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Մարդանյանը հայհոյել է իրեն, ապտակել, ոտքով երկու անգամ հարվածել իր աջ ոտքին, ծնկով՝ որովայնին: Նա ասաց, որ նույն օրը ցավեր զգալով` Իջեւանի բժշկական կենտրոն է գնացել: Նրան հարցեր տվեցին քրեական գործով մեղադրողները, Գ. Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը: Մեղադրողների հարցադրումներում քիչ չէին ուղղորդող հարցերը, Ռ. Ալիխանյանի հարցադրումներում` կրկնող հարցերը: Դատավոր Զոյա Զաքինյանը այդ հարցերը հանում էր:
Պաշտպան Ալիխանյանը տուժողին ասաց, որ իր տված բացատրության մեջ նա նշել է, որ Գ. Մարդանյանը ոտքերով հարվածել է իր 2 ոտքերին, իսկ դատարանում հայտնում է, որ Մարդանյանը 2 անգամ հարվածել է իր աջ ոտքին: Ժ. Սիմոնյանն ասաց, որ չի հիշում: Նրա պատասխաններում շատ էր «չեմ հիշում» արտահայտությունը: Պաշտպան Ալիխանյանը նրան հարցրեց, թե ինչ է նշանակում բացատրության մեջ նրա կողմից օգտագործված հորդորել բառը: Ժ.Սիմոնյանն ասաց, որ հորդորել նշանակում է դեմ լինել: Պաշտպան Ալիխանյանը Ժ. Սիմոնյանին հարցրեց, թե նա որտեղ է բժշկական օգնություն ստացել, վերջինս ասաց,որ հոգեբանի մոտ, սակայն չգիտեր, թե Երեւանի որ տարածքում, որ բուժհիմնարկությունում: Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը դրանից հետո հայտարարեց, որ իրենց կազմակերպությունում է նրան հոգեբանական աջակցություն ցուցաբերվել:
Ռ. Ալիխանյանը տուժողին հարցրեց, որ ոստիկանության Իջեւանի բաժանմունքից դուրս գալուց հետո, եթե նա 2 ժամ իր հոր հետ է եղել, ինչպես հայտնեց դատարանում, ինչու է այդ ընթացքում, 30 րոպեի ընթացքում 4 անգամ զանգահարել նրան:
Պաշտպան Ալիխանյանը միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում Ժ. Սիմոնյանի տված բացատրությունները եւ ցուցմունքները, քանի որ հակասություններ կան դրանց եւ դատարանում՝ նրա տված ցուցմունքի միջեւ: Դատարանն այդ միջնորդությունը մերժեց:
Ապա որպես վկա ցուցմունք տվեց Ժորա Սիմոնյանի հայրը՝ 1964թ. ծնված Գարսիկ Սիմոնյանը: Նա ներկայացնելով 2017թ. հոկտեմբերի 4-ի դեպքն ասաց, որ երբ Իջեւանից Ժ. Սիմոնյանի հետ Այգեհովիտ են եկել, վերջինս ցավեր է զգացել, որի պատճառով իրենց տուն չեն մտել, իսկույն ետ են վերադարձել, գնացել Իջեւանի ԲԿ:
Պաշտպան Ռ. Ալիխանյանը խնդրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը ժամանակ ունենա նախապատրաստվելու Գ. Սիմոնյանին հարցեր ուղղելուն: Մեղադրող կողմն առարկեց այդ միջնորդության դեմ: Դատավոր Զաքինյանը հայտարարեց, որ պաշտպանական իրավունքը չպետք է խախտվի, դատական նիստը հետաձգեց, հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 6-ին՝ ժամը 12-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ