Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ազգ-բանակ. մեդիա-դիսկուրսից մինչև հանրային ընկալում» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Այն, որ Հայաստանը Լյուքսեմբուրգ չէ եւ առաջիկայում չի դառնա Լյուքսեմբուրգ, դա, ինչպես ասում են, բժշկական փաստ է, հետեւապես պետք է ունենա ուժեղ բանակ, սա աքսիոմա է: Այն, որ մեր իշխանությունը լավը չէ, դա էլ է բժշկական փաստ եւ այն, որ այդ ոչ լավ իշխանությանը հասարակությունը պետք է վատ վերաբերվի, դա փաստ է: Բայց սա չի նշանակում, որ հասարակությունը չպետք է անի այն, ինչ պետք է»:
Նա ասաց, որ մեզ փորձում են պաթոսախեղդ անել ինչ-որ երգիչներ, երգչուհիներ, մեզ փորձում են սովորեցնել, թե հայրենիքը ճիշտ սիրելը ոնց է լինում. «Բանակի խնդիրը մեր ՊՆ-ի, զինվորականների խնդիրը չէ, դա համապետական, համազգային խնդիր է, վերաբերում է յուրաքանչյուրիս անվտանգության, անկախ նրանից՝ մեր դուրը գալիս է իշխանությունը, թե ոչ»:
Մեհրաբյանն ասաց, որ այս ամենով հանդերձ ինքը չի կարծում, որ անպայման տարկետման իրավունքի սահմանափակումը հանգեցնելու է արտագաղթի, հանգեցնելու է կրթության որակի անկմանը. «Ընդհանուր զինապարտությունը, կարծում եմ, պետք է. բոլորը պետք է ծառայեն: Ավելին՝ ՀՀ-ն պետք է ունենա շատ ուժեղ ռեզերվ, դրա մասին ազգ-բանակի ժամանակ մեկը մի բառ չի ասում: Իսրայելում ռեզերվային զորամիավորումները իրենց մարտունակության չեն զիջում կադրային զորամիավորումներին, բայց թե մեզ մոտ ով է զբաղվում դրանով, ինչպես պետք է կազմակերպվի՝ խոսք չկա»:
Ըստ Մեհրաբյանի, ընդունված է, որ մեզ մոտ պետք է զինված լինեն կա՛մ ոստիկանները, կա՛մ հանցագործները, իսկ քաղաքացին չպե՞տք է օրինական ձեւով զինվի, իր ինքնապաշտպանության հարցը կարողանա հոգալ. «Ֆինլանդիայի բնակչության 80 տոկոսը զինված է: Պարզ չէ, թե մենք ուր ենք գնում, ռազմական որ համակարգին ենք գնում: Անվտանգությունը, որ միայն բանակով չի պայմանավորված՝ դա էլ է աքսիոմա: ժողովրդավարութունը ոչ պակաս կարեւոր է, գալիս է՝ նրան ուժեղացնեու, արտաքին քաղաքականությունը, եթե անվտանգության բաղադրիչ չի, բա ի՞նչ է»:
Նա ասաց, որ կրթական մակարդակը հիմա զիջում է, դպրոցն ալերգիա է առաջացնում երեխաների մոտ ուսման նկատմամբ, բուհերում էլ սովետական միությունից մնացած, կամ «եգիպտական բուրգերից բերած մումիաները» մինչեւ մեռնելը մնում են իրենց պաշտոններին. «Մենք դրա մասին չենք խոսում ու մեկ էլ այդ մումիաները դուրս են գալիս ու սկսում են քննարկել՝ ծառայելը ճիշտ է թե սխալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA