Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ազգ-բանակ. մեդիա-դիսկուրսից մինչև հանրային ընկալում» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ լեզվաբան Նարինե Դիլբարյանը տեսակետ հայտնեց, որ բանակով իշխանությունները հասարակության ուշադրությունը շեղում են օրակարգային խնդիրներից: Հենց կոռուպցիայի եւ այլ խնդիրների մասին խոսում են՝ փորձում են կանխել, թե մենք պատերազմող երկիր ենք. «Ամեն ինչ շրջում են՝ ներկա քաղաքական համակարգի ամրակայմանը ծառայեցնելու: Այնինչ, պետք է ապացուցել, որ բանակը չի փրկելու: Ես, անկեղծ ասած, համոզված եմ, որ ոչ թե բանակը, այլ քաղաքական եւ դիվանագիտական բանակցություններն են, որոնք կարող են կանխել ՀՀ-ի համար վտանգավոր զարգացումները:
Վաղուց արդեն 21-րդ դարում չպետք է հույս դնել, որ եթե մինչեւ ատամներդ զինվեցիր կամ երեխաներիդ հագցրեցիր այդ ռազմական հագուստները, ուրեմն դու սպառնալիքներից զերծ ես: Ընդհակառակը: Այստեղ մեզ վրա ազդում են նաեւ տոտալիտար համակարգերի ձգտումը՝ մեզ տանել ռազմականացման, այն դեպքում երբ իրենք իրենց երեխաներին չեն ուղարկում բանակ: Ես ինքս ունեմ որդի, դեռեւս չեմ փոխել քաղաքացիությունս, բայց՝ դեռեւս, որովհետեւ հույս ունեմ, որ կփոխվի ինչ-որ բան: Իսկապես անհարմար է, որ դու չես ուղարկում քո երեխային բանակ, բայց եթերից ճամարտակում ես, նողկալի են իրենց հայրենասիրական ելույթները, հանգեցնում են նրան, որ դու ելնես ու ասես՝ ոչ, ես ոչինչ չեմ անելու ձեր բանակի համար, ոչ թե հայոց բանակի, այլ՝ ձեր բանակի համար: Այդ PR-ը, որն իրականում հակաPR է, պետք է կարգավորվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA