Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է 77 տոկոսը վստահում բանակին, եթե փոխում են քաղաքացիությունը՝ հայոց բանակում չծառայելու համար». Նարինե Մկրտչյան

Մարտ 17,2018 19:42

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ազգ-բանակ. մեդիա-դիսկուրսից մինչև հանրային ընկալում» խորագրով փորձագիտական կլոր սեղան էր հրավիրվել:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը ներկայացրեց Կովկասյան բարոմետր ամենամյա հետազոտությունը՝ ասելով. «Փաստորեն, վերջին տասնամյակի ընթացքում բանակը կայուն մեծ վստահություն ունի հասարակության կողմից՝ մինչեւ 77 տոկոս վստահություն՝ որպես պետական ինստիտուտի, ինչը մոտ 10 անգամ ավելի է, քան գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները՝ միասին վերցրած: Սա հսկայական ռեսուրս է հասարակության կողմից»: Ըստ նրա, սա խոսում է այն մասին, որ հասարակության եւ բանակի կապը սերտացնելը իմաստ չունի, հասարակությունը կայուն վստահում է բանակին:

Ըստ նրա, Իսրայելի փորձը վերցրել են, բայց չեն իմանում, թե ինչու է այնտեղ հաջողել, այսինքն, հաջողության բանալին չեն վերցրել: Պետք է մարդիկ տեսնեին պարզ, թափանցիկ գործունեություն, կոռուպցիայի դեմ իրական պայքար եւ հանրային վստահությունը որպես արժեք պետք է դիտարկվեր

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը չհամաձայնեց, որ հասարակության 77 տոկոսը վստահում է բանակին, ըստ նրա, չեն վստահում, քանի որ փոխում են քաղաքացիությունը՝ հայոց բանակում չծառայելու համար, դպրոցական տարիքից արտագաղթում են, որ իրենց արու զավակները չծառայեն, սուղ ընտանեկան բյուջեից միջոցներ են կուտակում՝ բանակից խուսափելու համար:

Ըստ Նարինե Մկրտչյանի` ապրիլյան պատերազմը մի շարք բացահայտումներ արեց, նաեւ ցույց տվեց, որ մեր բանակը բանվորա-գյուղացիական բանակ է, հարուստների, պաշտոնյաների զավակները բանակ չեն գնում:

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ պաշտպանությունը ազգը արդեն ընկալում է միայն ռազմական բաղադրիչով, չկա՞ քաղաքական բաղադրիչ, միայն մինչեւ ատամները զինվելո՞վ է. «Արդյոք ինքնիշխանության բավարար ռեսուրսի բացակայությունը չէ՞ գլխավոր վտանգը՝ մեր ֆիզիկական գոյության»: Նա ասաց, որ ուսումնասիրել են տարբեր երկրների ազգ-բանակ կոնցեպտը, մասնավորապես Իսրայելի եւ Շվեյցարիայի մոդելը. «Եթե մեր տնտեսությունը մնում է քաղաքականացված, քրեականացված, այս հարաբերությունները ինքնաբերաբար տեղափոխվում են նաեւ բանակ: Ազգ-բանակ հայեցակարգը չի խարսխվում սոցիալական արդարության վրա: Հայտնի դերասանն ասում է՝ մենք դատապարտված ենք ռազմապետություն լինելու՝ անկախ դղյակների քանակից:

Այս մտայնությամբ իրականացնելը ազգ-բանակ հայեցակարգը շատ վտանգավոր է: Կամ հեռուստատեսութամբ 1000 դրամների հիմնադրամի ներկայացուցչին լրագրողը հարցնում է ինչո՞ւ բոլորը պետք է հավասար 1000 դրամ վճարեն, տալիս է ֆանտաստիկ եւ լուրջ պատասխան, որից հետո սկսում ես կասկածել՝ մարդիկ չե՞ն հասկանում, որ մենք պետություն ունենք: Ասում է՝ սահմանի զինվորը հավասարաչափ ապահովում է թե իմ, թե քո, թե օլիգարխի անվտանգությունը, դրա համար մենք հավասար պետք է վճարենք՝ մոռանալով, որ իմ, նրա, օլիգարխի, լրագրողի արանքում կա պետություն, վաղուց անցել են ֆիդայական ժամանակները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031