Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստ և արվեստ» ցուցահանդեսը՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում

Մարտ 17,2018 18:24

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ հաստատություններ:

Քոլեջների և ուսումնարանների սովորողները ներկայացրել են նկարների, ոսկեգործության, արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության, կարպետագործության և մի շարք այլ ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:

Միաժամանակ թատերական և երաժշտական մասնագիտությունների ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով: Բացման խոսքում ՀՀ ԿԳՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի նպատակը ստեղծագործական մասնագիտությունների հանրայնացումն է. «Հայաստանում գործող 95 նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններից ավելի քան 30-ը իրականացնում են արհեստների և արվեստի մասնագիտությունների ուսուցում, դրանից 17-ը մասնակցում են «Արհեստ և արվեստ» ցուցահանդեսին: Միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի ամենանշանակալի սոցիալական ինստիտուտներից են, քանի որ նրանք իրականացնում են նաև շատ կարևոր սոցիալ-մշակութային` մասնավորապես շուկայական հարաբերություններում մոռացվող և կորսվող մասնագիտությունների պահպանման և վերարտադրության գործառույթ` Հայաստանում ձևավորելով հասարակական պահանջարկ»,- նշել է Ա. Աղբալյանը:

Ցուցահանդեսը նախաձեռնել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում – համագործակցություն» ծրագրի աջակցությամբ:

Կազմակերպիչները լիահույս են, որ ցուցահանդեսը կնպաստի ՄԿՈւ համակարգի գործընթացին գործատուների ներգրավմանը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երիտասարդների զբաղվածության և աշխատաշուկայի պահանջների, կարիքների ապահովման հարցում:

Նշենք նաև, որ Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում – համագործակցություն» ծրագրի աջակցությամբ տեղի է ունեցել նաև ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների խոհարարական մրցույթ: Հաղթող ուսանողները վարպետության դասերի կմասնակցեն Լեհաստանում:

«Մասնագիտական կրթություն և ուսուցում – համագործակցություն» ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել երիտասարդների զբաղվածությունը տնտեսության տարբեր ոլորտներում, ամրապնդել կրթություն-աշխատաշուկա կապը, նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, գերմանական դուալ կրթական համակարգի ներդրման միջոցով :

«Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին մասնակցել են ՄԿՈՒ մի շարք հաստատություններ, մասնավորապես. Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, տարածաշրջանային թիվ 1, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական, Հումանիտար, Մշակույթի, Տեխնոլոգիական, Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջները, Զարդարվեստի արհեստագործական ուսումնարանը, Գյումրու թիվ 1, թիվ 3, թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանները, Վանաձորի տարածաշրջանային, Մ. Թավրիզյանի անվան արվեստի և Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջները, Վայոց ձորի և Արարատի պետական քոլեջները, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031