Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգ–բանակ հայեցակարգը մշակողների ամենամեծ սխալն այն էր, որ նրանք սկսեցին 1000 դրամների օրենքից». Լաուրա Բաղդասարյան

Մարտ 17,2018 17:56

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ազգ-բանակ. մեդիա-դիսկուրսից մինչև հանրային ընկալում» խորագրով փորձագիտական կլոր սեղան էր հրավիրվել:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց «Ազգ-բանակ» հայեցակարգի ընկալումները հայաստանյան մեդիայում: Ուսումնասիրությունը կատարվել է 2017-ի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, ազգ-բանակի մասին հրապարակումները կազմում են բանակի մասին բոլոր նյութերի 62 տոկոսը: Հեռուստաընկերությունները ակտիվորեն լուսաբանել են այդ թեման, այն ընդգրկված է եղել ոչ միայն լրատվական հաղորդումներում, նաեւ՝ թոք-շոուներում, սոցիալական հոլովակներում, սերիալներում: Առցանց մեդիայում հրապարակումների մեծ մասը ներկայացվել է չեզոք դիրքից՝ որպես օրվա լրատվություն: Առցանց մեդիայում բանակի թեմայով քննադատական կարծիք հայտնել են ՀԿ-ների, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, իսկ հեռուստաընկերություններում այդ խմբերի այլ ներկայացուցիչները նույնքան դրական կարծիք են հայտնել բանակի մասին, որքան պետական պաշտոնյաները:

Լաուրա Բաղդասարյանն ասաց, թե ինչ ընկալում ուներ հասարակությունը ապրիլյան պատերազմից հետո. «Հայաստանի բնակչությունը փոքրաթիվ է, ՀՀ-ում գործում է երկու տարվա պարտադիր զինծառայություն եւ շատ քիչ ընտանիքներ կան, որոնք առհասարակ չեն առնչվել բանակի հետ: Մենք մի հասարակություն ենք, որը միշտ ավանդապես շատ զգայուն եւ ուշադիր է եղել բանակի հետ կապված հարցերի նկատմամբ եւ դա ծավավեց հատկապես 2016-ի ապրիլից հետո»: Նա նշեց, որ մինչեւ ապրիլյան պատերազմը հակված էին համարել, որ բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապրիլից հետո ավելի շատ տարածվեց, որ բանակը մեր միակ երաշխավորն է: Հետո սոցցանցերում տարածվեցին բանակի հետ կապված տարբեր թերություններ, հասարակական հանրային ընկալման մեջ կարծես շոկային ընկալում տեղի ունեցավ. «Հասարակության համար բանակը միակ կայացած ինստիտուտն էր ու դժվար էր ընդունել այն հանգամանքը, որ այդ միակ կայացած ինստիտոիտում կան թերություններ, սխալներ, որոնք ջրի երես են դուրս եկել»:

Բաղդասարյանն ասաց, որ ազգ-բանակ հայեցակարգը չընդունվեց հասարակության կողմից, քանի որ սոցիալական մի շարք սուր հարցադրումներ կային. «Դա համընկավ 1000 դրամի օրենքի հետ եւ ազգ-բանակ հայեցակարգի այն դրույթները, որոնք իսկապես բանակի բարեփոխմանն էին ուղղված, տարբեր հարաբերություններին, թե ով է զորակոչով զբաղվելու, սկսած մատակարարումից, բանակի եւ տնտեսության կապերի սերտացումից, առաջին հայացքից նորմալ եւ դրական միտումները շատ վատ ընկալվեցին հասարակության կողմից: Ազգ–բանակ հայեցակարգը մշակողների ամենամեծ սխալն այն էր, որ նրանք սկսեցին 1000 դրամների օրենքից»:

Երկրորդը՝ այդ հայեցակարգը համընկավ նաեւ տարկետման իրավունքի սահմանափակման, բայց ըստ էության վերացման խնդրի հետ. «Բանավեճերը, քննարկումները ձնագնդի էֆեկտով զարգացնում էին, մի խնդիր առաջ էր բերում ուրիշ խնդիր: Օրինակ, տարկետման իրավունքի սահմանափակումը բանակից խուսափելու թեման խթանեց: Բանակից խուսափելու թեման իր հերթին բացեց ներքաղաքական բնույթի խնդիրներ, թե ինչու է հիմա ՊՆ նախարարը շրջանառում ազգ-բանակ հայեցակարգը, ինչ կարող  է լինի ապրիլին իշխանական կառավարման մոդելի փոփոխությունից հետո»:

Ըստ տիկին Բաղդասարյանի՝ տարկետման իրավունքի սահմանափակումը նաեւ կրթության ոլորտի մի շարք խնդիրներ վեր հանեց եւ մեդիայում աննախադեպ թվով անդրադարձ եղավ ԿԳ ոլորտին:

Լաուրա Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի՝ Razm.info-ին տված հարցազրույցի,ն, որտեղ նա ցավով նշել է, որ հանրային դիսկուրսում կա հետընթաց բանակի հետ կապված: Տիկին Բաղդասարյանը հակադարձեց՝ «սա նրա ընկալումն է, բայց ոչ մի հետընթաց չկա, կա քննադատական կրիտիկական մոտեցում եւ բանակի նկատմամբ ռոմանտիկ վերաբերմունքը վերափոխվել է ավելի ռեալիստական բաների: Ամեն մեկը, ով ունեցել է բանակի հետ շփում անձնական մակարդակում՝ երեխաներին ծանրոց է ուղարկել, ծանոթ է բանակի խնդիրներին ներսից, հիմա այդ ամեն ինչը դուրս է եկել հրապարակ: Դա առողջացման շատ լավ միտում է»:

Լաուրա Բաղդասարյանը մեկ այլ բացասական երևույթի մասին խոսեց՝ զինվորական հագուստով տարբեր տարիքի մարդկանց եթեր տալը բացասական հետեւանք է ունենում: Նա նաեւ նշեց, որ որքան հասարակությունը լավ է վերաբերվում շարքային զինվորին, սպայական կազմի նկատմամբ վերաբերմունքը դառնում է բացասական, որքան կոչումը բարձր է, այնքան բացասական է վերաբերմունքը եւ քննադատական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031