Մարտի 17-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը:
Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Շեշտել է, որ մրցույթը դարձել է ավանդական և այն լավագույն միջոցներից մեկն է ուսանողներ համար իրենց մասնագիտական կարողություններն ավելի խորացնելու համար:
Հեղինե Տեր-Ղևոնդյանը 1970 թ-ին հիմնադրել է ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Նրա անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են 16 – 35 տարեկան երաժիշտներ: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ կատարողներին, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել ու նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Առաջին մրցանակի հաղթողին կտրվի 400.000 ՀՀ դրամ, II մրցանակի համար նախատեսված է 250.000 ՀՀ դրամ, III մրցանակակիրներին կտրվի 150.000 ՀՀ դրամ:
Ժյուրիի կազմում են հայ երաժշտական արվեստի լավագույն մասնագետները՝
Արմեն Բաբախանյան /նախագահ/ – ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան
Կոնստանտին Օրբելյան – ՌԴ վաստակավոր արտիստ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Կարինե Օհանյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Վաչե Շարաֆյան – կոմպոզիտոր
Գայանե Հախնազարյան – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատու:
Հանրապետական մրցույթը կշարունակվի մինչև մարտի 23-ը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա