Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ  8000 աշխատակից ապահովված է առողջապահական ապահովագրության փաթեթներով

Մարտ 17,2018 16:59

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, սպասարկող օժանդակ անձնակազմերին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների, թատրոնների, գրադարանների և շախմատի դպրոցների շուրջ 8000 աշխատակցի հատկացվել է առողջապահական ապահովագրության փաթեթ: Ի դեպ նշենք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզների, ինչպես նաև 12 վարչական շրջանների շախմատի դպրոցների 4700 աշխատակիցներն այս տարվա հունվար ամսից են ընդգրկվել առողջապահական ապահովագրությամբ բժշկական անվճար ծառայություններից օգտվելու ծրագրում:

Ապահովագրական փաթեթները ներառում են ինչպես տարվա ընթացքում մեկ անգամ բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում կանխարգելիչ ընդհանուր բժշկական անվճար հետազոտվելու հնարավորություն, այնպես էլ, ըստ անհրաժեշտության, վիրահատական միջամտություններ, այդ թվում բարդ և դժվարամատչելի վիրահատություններ, ինչպես օրինակ՝ սրտի կամ տեսողության հետ կապված:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը տեղեկացրել է, որ կատարված վերլուծության համաձայն մինչ օրս տարվա ընթացքում փաթեթից օգտվում է միջինը 1000 շահառու, կատարվում՝ 20-25 վիրահատություն, որոնցից յուրաքանչյուրի ծախսերը ավելի քան 1 մլն ՀՀ դրամ են կազմում:

«2013 թվականից մեկնարկած սոցիալական և առողջապահական տեսանկյունից կարևոր այս նախաձեռնությունը լինելու է շարունակական: Հաշվի առնելով, որ առողջապահական ապահովագրության այս փաթեթներով ապահովումը քաղաքապետարանն իրականացնում է բացառապես սեփական միջոցների հաշվին, այժմ ուսումնասիրում ենք քաղաքապետարանի ենթակայության մյուս կառույցների՝ մասնավորապես երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և մարզադպրոցների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու հնարավորությունը: Նշեմ, որ այս պահին Երևանի քաղաքապետարանի ենթակայության 275 ՀՈԱԿ-ներից ծրագրում ընդրկված են 210-ը», – նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031