Մարտի 16-ին տեղի ունեցավ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի անդամների և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվեց հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հումանիտար, առևտրատնտեսական, ներդրումների և հատկապես զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին և տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Այդ համատեքստում ներկաների խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցելու գործընթացը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն