Լրագրողների կատարած յուրաքանչյուր աշխատանք, որն իր հետ շատ հարցերի պատասխաններ է գտել, միշտ էլ հասարակության ուշադրության կենտրոնում է եղել, քանզի հենց նրանց աշխատանքն է դարձել օրակարգի ձևավորման հիմքը: Լրագրողը եղել և մնում է կարևորագույն իրադարձությունների ականատեսն ու արձանագրողը:
Լրագրող Սիսակ Գաբրիելյանը, թեև իր աշխատանքային գործունեության ընթացքում մի քանի անգամ բռնության է ենթարկվել, սակայն էլ ավելի է սիրել իր մասնագիտությունը:
-Ի՞նչը կարող է ստիպել ձեզ հիասթափվել լրագրողի աշխատանքից։
-Դժվար է ասել, այս պահին որևէ պայման չեմ տեսնում: Երբևէ չեմ մտածել մասնագիտությունը, աշխատանքը թողնելու ուղղությամբ: Թեև զուգահեռաբար սովորում եմ այլ մասնագիտությամբ, բայց կարծում եմ, որ ինձ ավելի շատ օգնելու է լրագրողի մասնագիտությունը: Եթե խոսքը վերաբերվում է բռնություններին, ապա երբեմն վիրավորում են լրագրողներին, երբեմն՝ կոպտում, բնականաբար նման վերաբերմունքը ցավ է պատճառում, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտության մեջ կան դժվարություններ:
–Ներկայումս շատերը քամահրանքով են վերաբերվում լրագրողներին, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մթնոլորտում է ձևավորվել այդ վերաբերմունքը։
-Չեմ կարող ասել, ովքեր որ վատ են վերաբերվում, հաճախ հենց այդ մարդիկ էլ տալիս են այս հարցի պատասխանը: Նրանք կարծում են, որ լրագրողները իրենց իրական գործառույթից շեղված են, այսինքն՝ հասարակությանը ոչ թե ինֆորմացիա են փոխանցում, այլ ապատեղեկատվություն: Հիմնական պատճառը, կարծում եմ, սա է:
-Սա այնպիսի աշխատանք է, որ չեն բացառվում լրագրողների նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, վիրավորանքն ու բռնությունը։ Պատճառը ո՞րն է:
-Մտածում եմ, որ եթե ինչ-որ լրատվամիջոցին կամ լրագրողին սկսում են ճնշել, ուրեմն դա ցույց է տալիս զանգվածային լրատվության ուժը, դերը: Եթե մենք ապրեինք մի տեղում, որտեղ մեր հոդվածները, ռեպորտաժները, անգամ ամենասուր բացահայտումները որևէ ազդեցություն չունենային, այդ նույն մարդիկ, ովքեր որ հայտնվում էին նյութի բովանդակության մեջ, իրենք, իմ կարծիքով, վախենալու և դրանից բխող հետևանքների, ապա լրագրողին սպառնալու պատճառ չէին ունենա: Գնում են այդ քայլին, որովհետև այսօր լրագրությունը կարողանում է ինչ-որ բան անել: Լրագրողը կարողանում է հասարակության կարծիքի վրա ազդել, և այդ հասարակության կարծիքից վախենալով էլ դիմում են նման ճնշումների:
-Լրագրողի նկատմամբ բռնությունների ինչպիսի՞ դեպքեր են հաճախ հանդիպում:
-Եթե հաշվի առնենք նաև վիճակագրությունը, մեր երկրում հիմնականում հետընտրական, նախընտրական և բուն ընտրությունների շրջանում են լինում: Մասնավորապես իմ դեպքում, ես միայն 3-4 անգամ հարձակման եմ ենթարկվել ընտրությունների կամ քարոզչության ժամանակ: Նաև հետաքննող լրագրողների նկատմամբ են հաճախ լինում ճնշումներ, այսինքն՝ նրանք, ովքեր հասարակությանը ցույց կտան մեդալի հակառակ կողմը: Աշխարհում ևս այդպես է. վերջերս էլ իր ընկերուհու հետ սպանվեց հետաքննող լրագրող, 27-ամյա Յան Կուցիակը:
-Ո՞ր թեմաները լուսաբանելիս է բռնության դրսևորումը ավելի հավանական:
-Երևի դա կախված է նրանից, թե ինչ ռեակցիա կտա դիմացինի գործողությանը հենց լրագրողը կամ օպերատորը: Բռնության պահին դու իրենց համար վտանգ ես ներկայացնում, որովհետև քո ձեռքին կա մի սարք, որը կարող է արձանագրել այն գործողությունը, որը տեսնում են այդ պահին քո աչքերը: Այսինքն՝ այն քո տեսածը կարող է փոխանցել հազարավոր այլ քաղաքացիների: Եվ հենց այդ ժամանակ առաջին քայլը՝ փորձում են խոչընդոտել նկարահանմանը: Եթե արձագանքը լինի թույլ, այսինքն, եթե թողնես, որ վերցնեն արձանագրող սարքդ, միգուցե հարձակում չլինի: Օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ մոտենում էին, ասելով՝ տուր տեսախցիկը, եթե չէիր ընդդիմանում, վերցնում էին՝ խփելով գետնին, կոտրում էին, լրագրողին էլ ասում, որ լքի տարածքը: Իսկ եթե հակառակվում էիր, թևերդ ոլորում ու տանում էին, դա ոստիկանության մասով: Շտաբներում էլ ասում են «անջատի հեռախոսդ», «տուր ստեղ» և այլն: Երբ ասում էիր՝ դու քո աշխատանքն ես կատարում, դրան հաջորդում էր ուրիշ գործողություն ՝ քաշքշել, և եթե հաջողվում էր, ապա խլում էին տեսանկարահանող սարքդ և այլն: Ընտրությունների ժամանակ Կոնդի այն խանութը, որը չգիտես, թե ինչպես դառնում է նախընտրական շտաբ այնտեղ, երբ հեռախոսս վերցրին, սկսեցին քաշքշել ու արդեն բռնության փաստը ապացուցող որևէ փաստ չկար: Այսինքն` սկզբում մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, ապա բռնությունը:
-Արդյոք լրագրողի աշխատանքային փորձը փոխո՞ւմ է բռնության ձևերը: Համարձակությունը սկսնակի՞, թե՞ փորձառուի դեպքում է ավելի շատ:
-Իմ կարծիքով կա և´ պրոֆեսիոնալիզմի, և´ «բախտի» գործոնի հարցը. դու մի փոքր հաջողակ ես, երբ քեզ բարի բռնարար է հանդիպում: Ընկալումները տարբեր են: Հնարավոր է, որ մի լրագրող, ով աշխատում է լրատվամիջոցում, նրան պարզապես հետաքրքիր չլինի, օրինակ՝ընտրակեղծարարության փաստը, մեկ ուրիշը հենց դա բացահայտելու համար է եկել այդտեղ ու սկսի նկարել, այսինքն՝ ամեն մեկն ինքն է որոշում իրեն ինչ է հարկավոր: Սկզբունքայնությունը կարևոր է:
-Լրագրողը կարո՞ղ է վախ ունենալ՝ զգուշանալով որոշակի թեմաներ լուսաբանելուց:
-Բռնությունից կարող են վախենալ ոչ միայն լրագրողները: Սակայն իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, որ վախեցել եմ ինչ-որ բան անել:
-Դուք մի քանի անգամ բռնության եք ենթարկվել, ինչպե՞ս է դա անդրադարձել Ձեր և Ձեր մասնագիտական գործունեության վրա:
-Միգուցե տարօրինակ հնչի, բայց ավելի ինքնավստահ ես դառնում: Նույն վայրում, բայց տարբեր ժամանակահատվածում երկու տարբեր դեպքեր են եղել իմ հետ կապված, առաջին դեպքի դատավարությունը մինչ այժմ շարունակվում է, իսկ երկրորդ անգամ, երբ գնացի այնտեղ իրենք ասում էին՝ «բարև Ձեզ, մենք Ձեզ սպասում էինք»: Բայց կխաբեմ, եթե չասեմ, որ չես կարող ընդհանրապես չվախենալ:
-Դեռ ձեր դատական գործը ընթացքում է, վերջապես ամբաստանյալներից մեկը գտնվել է և մամուլում ՝ փնտրվում կամ որոնվում է ամբաստանյալ վերնագրերին փոխարինելու եկան ուրիշները, որ նրանցից մեկը իրեն մեղավոր է ճանաչել, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 19-ին: Առհասարակ, բռնության ենթարկված լրագրողը կարո՞ղ է վստահ լինել, որ իր նկատմամբ ցանկացած բռնություն արժանի է պատժի և հուսալ, որ այն ևս չի դասվելու անպատիժ մնացած գործերի շարքին:
-Այո, գործընթացը շարունակվում է, ինչպես գիտեք գործով երկու ամբաստանյալ կա: Լևոն Գասպարյանը, պահանջել է արագացված դատական կարգ, դա նշանակում է, որ նա կասկածի տակ չի դնում գործով անցնող ապացույցները, փաստերը և հետագայում դրանց վերաբերյալ չի կարող բողոքարկել: Նա ընդունում է, որ այն, ինչ կա և ասվել է, դա արձանագրված է: Իսկ ըստ իրավապահների՝ Ջուլիետա Կոկոյանին դեռ չեն կարողանում հայտնաբերել: Իմ՝ գրեթե 4 տարվա գործունեության մեջ մոտ յոթ դեպք է եղել, և այդ դեպքերից որպես տուժող առաջին գործն է, որ ես կանգնած եմ դատարանում: Ստացվում է, որ մնացած դեպքերում ես վստահ չեմ եղել, որ կպաշտպանվեմ: Մյուս դեպքերում ևս քրեական գործ է հարուցվել, բայց հետագայում կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
-Իսկ ըստ ձեզ, ո՞ր մեդիան է ավելի շատ անդրադառնում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ (հեռուստատեսություն, մամուլ, առցանց մեդիա, սոց. ցանցեր):
– Դա կապված է դեպքից: Կարծում եմ ավելի հաճախ առցանց մամուլն է անդրադառնում:
-Եվ վերջում ձեր խորհուրդը սկսնակ և պրակտիկ դաշտում աշխատող լրագրողներին:
-Խորհուրդ կտամ շատ կարդալ: Կարդացեք շատ և ամեն ինչ: Մեր ամենալավ զենքը այսօր ինֆորմացիան է:
Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից