Կոչ
ՀՀ պետական մարմիններին, գիտահամալսարանական համակարգի բարեփոխմամբ շահագրգիռ անհատներին և կազմակերպություններին
Հայաստանի հանրապետության ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական վիճակը համազգային գիտական ներուժի ոչ արդյունավետ օգտագործման արդյունքն է: Մինչ այժմ Հայաստանը չունի իր «Ազգային գիտական խորհուրդը», որը կարող է ֆինանսական և մտավոր համազգային ներուժը նպատակաուղղել մեր ազգային խնդիրների լուծմանը: Հանրապետությունում դեռ գործում է ԽՍՀՄ-ից ժառանգած, շուկայական հարաբերություններին խորթ և փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար կործանիչ գիտահամալսարանական համակարգը: Այդ համակարգի զարգացման համար հատկացված պետական և բարեգործական միջոցները օգտագործվում են ոչ նպատակային ձևով:
Նման քաղաքականության արդյունքում մենք ցավալի կերպով ոչնչացնում ենք մեր գիտական ներուժը, որը մեր ազգային սակավաթիվ մրցունակ ռեսուրսներից է: Ակնհայտ է, որ միայն նրա արդյունավետ օգտագործման շնորհիվ ՀՀ-ը կարող է անդամակցել քաղաքակիրթ երկրների ընտանիքին: Իսկ դա հնարավոր է միայն, եթե Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում և հանրապետությունում գործող բազմաթիվ գիտական հաստատությունների ինտեգրացմամբ կազմակերպվեն 4-5 հետբուհական կրթության գիտաուսումնակիրառական միջազգային կենտրոններ, որոնք կաշխատեն միջազգային կրեդիտային համակարգերով: Նման կենտրոնների ստեղծումը թույլ կտա բնագավառը սպառողականից դարձնել շահութաբեր՝ արտերկրից ֆինանսական միջոցների ներհոսքի հաշվին, աշխուժացնել գիտական ներդրումները հանրապետությունում, մեղմացնել ուղեղների արտահոսքը երկրից, իսկ սփյուռքի երիտասարդների համար՝ Հայաստանի հետբուհական համակարգը դարձնել ավելի գրավիչ:
Ղեկավարվելով այդ գաղափարով՝ ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի /ԲԿՄՀՈՒԿ/ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը նախաձեռնել է 9 երկրների առաջատար համալսարանների մասնակցությամբ (Ուկրաինա, ԱՄՆ, Անգլիա, Հնդկաստան, Իրան, Թուրքիա և Եգիպտոս) կազմակերպել «Բժշկակենսաբանության բնագավառում (կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի անվտանգություն) հետբուհական գիտաուսումնական միջտարածաշրջանային UNESCO/UNITWIN ցանց»:
Շնորհիվ ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Արտաքին կապերի բաժնի» և Արտաքին գործերի նախարարության «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի» համարժեք գործունեության` այդ ծրագիրը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի հավանությանը, որի հանդիսավոր մեկնարկին նվիրված գիտաժողովը կկայանա սույն թվականի օգոստոսի 6-9-ը Երևանում:
Նշված ցանցը հետապնդում է երեք նպատակ` ա/ օժանդակել գիտական ներուժի զարգացմանը, բ/ համապատասխանեցնել հետբուհական կրթությունը միջազգային չափորոշիչներին և գ/ օժանդակել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նորարարությունների ներդրմամբ:
Ակնհայտ է, որ նման հետբուհական ցանցը, բացի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման աջակցման գործնական նշանակությունից, ունի նաև քաղաքական նշանակություն և կծառայի որպես արդյունավետ միջոց մեղմացնելու և զարգացնելու միջպետական հարաբերությունները տարբեր երկրների հետ:
Հաշվի առնելով, որ այս ցանցի արդյունավետ իրագործման համար պետական և միջազգային ֆինանսական աջակցությունը բավարար չէ՝ մենք կոչով դիմում ենք տարբեր ազգային և միջազգային հիմնադրամներին, կազմակերպություններին և մեր գործընկերներին` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` աջակցելու մեզ իրականացնել ցանցի գործունեությունը: Այդ օժանդակությունը կարող է իրականացվել ֆինանսական, տեխնիկական (սարքավորումների, քիմիական) ներդրումների միջոցով, ինչպես նաև առաջատար գիտնականների մասնագիտական մասնակցությամբ:
Հավատացած ենք, որ Հայաստանի և Սփյուռքի անհատների և կազմակերպությունների գիտակրթական և նյութական հնարավորությունների համախմբման արդյունքում հնարավոր կլինի վերակենդանացնել և զարգացնել Հայաստանի և Արցախի գիտահամալսարանական համակարգը, որը կհանդիսանա նրանց կայուն սոցիալ-տնտեսական զարգացման գլխավոր երաշխիքը:
Պրոֆ. Սիներիկ Հայրապետյան
Բժշկակենսաբանական հետբուհական գիտաուսումնական միջտարածաշրջանային UNESCO/UNITWIN ցանցի ղեկավար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բնական գիտությունների բաժնի «Գիտական կոմիտե»-ի անդամ