«Շատ չի մնացել, կարճ ժամանակ անց ՀՀԿ-ն կանդրադառնա վարչապետի պաշտոնի իր թեկնածուին»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով՝ քանի որ խորհրդարանական ընդդիմությունը, ենթադրաբար, համաձայն չի լինելու իշխող մեծամասնության դիրքորոշման հետ, խորհրդարանում վարչապետի թեկնածուի շուրջ գուցե կրքոտ քննարկումներ կլինեն: «Հուսամ, որ այդ քննարկումները նաեւ առողջ կլինեն: Ես ինքս էլ կնպաստեմ առողջ քննարկումների ծավալմանը»,-համոզմունք հայտնեց Խոսրով Հարությունյանը:
Ապա նա թվարկեց այն որակները, որոնց պետք է համապատասխանի վարչապետի իրենց թեկնածուն ու ասաց. «Ես խոսում եմ ապագա վարչապետի որակների մասին, որոնց ամենից շատ կարող էր համապատասխանել գործող նախագահը»:
Խոսրով Հարությունյանը հավելեց. «Այդուհանդերձ, ուզում եմ հանրության ուշադրությունը սեւեռել ոչ թե անձի, այլ այն փաստի վրա, թե որքան պատասխանատու է լինելու վարչապետի պաշտոնը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ