Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների անհրաժեշտություն կա». Արայիկ Հարությունյան

Մարտ 17,2018 15:36

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ա. Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում նոր բաժնետերերի ներգրավման անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Մելբուրնի հայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ա. Հարությունյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԱՐԻ-ն իր էությամբ բոլորովին նոր ձևաչափ է Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի ամրապնդման առումով, որը զարգացման մեծ ներուժ ունի:

«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա: Այս առումով, ԱՐԻ-ն համահայկական ներուժի օգտագործման համար լավ հարթակ է, որը ենթադրում է ոչ թե անհատույց նվիրատվություն, այլ՝ փոխշահավետ առաջարկ: Արդյունքում, ունենում ենք ակտիվ զարգացող Հայրենիք, որտեղ իր բաժին շոշափելի ներդրումն է ունենում նաև ԱՐԻ-ի յուրաքանչյուր բաժնետեր՝ պահպանելով նաև բիզնես հետաքրքրությունը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում պետնախարարն անդրադարձել է նաև Արցախում վերջին տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական հաջողություններին, ապրիլյան պատերազմի հետևանքների հաղթահարմանը, պաշտպանունակության ոլորտում իրականացված նոր լայնամասշտաբ ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող տարաբնույթ հարցերի:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը հյուրընկալվել է նաև Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» և Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցուն կից գործող «Ակինյան» շաբաթօրյա դպրոցներում, որտեղ հանդիպել է աշակերտական և ուսուցչական անձնակազմերի հետ: Պետական նախարարը բարձր է գնահատել Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանման գործում հայկական դպրոցների դերը և ընդգծել է նրանց բացառիկ առաքելությունը, քանի որ ազգային ինքնության պահպանումն ուղիղ շաղկապված է լեզվամտածողության, ազգային դաստիարակության ու մշակույթի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև նրանց հետաքրքրող հարցերին:

Արցախի պետնախարարն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի և հանդիպել համայնքի հոգևոր պատասխանատուների հետ:

Ա. Հարությունյանը Մելբուրնում մասնակցել է նաև հայկական համայնքի կազմակերպած՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նշենք, որ Ա. Հարությունյանին Մելբուրնում ուղեկցում էին ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի մի խումբ անդամներ և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031